Սյուրպրիզներ չեն լինելու, բոլոր փոփոխությունները կլինեն տրամաբանության շրջանակներում.ՀՀԿ խոսնակ
«Այս կազմով ԳՄ վերջին նիստն էր»,- այսօր ՀՀԿ Գործադիրի մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր դիրքորոշումները, քննարկել են կուսակցության ծրագրի և կանոնադրության փոփոխություններին վերաբերող հարցեր:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարում կլինի կուսակցության նախագահի ընտրությունը, Սերժ Սարգսյանը հանդես է գալու ծրագրային ելույթով, որտեղ անդրադարձ կլինի միջկուսակցական կապերի զարգացմանը, երկրի անվտանգությանը վերաբերող հարցերին, ԼՂ հիմնախնդրին, Հայաստան-սփյուռք կապերին:
Հարցին, թե ովքեր կլինեն ՀՀԿ կազմում, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ վաղը սյուրպրիզներ չեն լինելու, բոլոր փոփոխությունները կլինեն տրամաբանության շրջանակներում, Գործադիր մարմինը կհամալրվի նոր կուսակիցներով, որոնք թեև ՀՀԿ-ում նոր են, բայց լուրջ դերակատարում են ունեցել, ունեն և կունենան Հայաստանի քաղաքական կյանքում:
Նա նաև նշեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը և Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չեն կարող լինել շարքային ՀՀԿ-ականներ, նրանք կլինեն ՀՀԿ-ի ղեկավար կազմի առանցքային ներկայացուցիչներ: