Հայաստանի դպրոցներում սովորում է շուրջ 600 սիրիահայ երեխա. ԿԳՆ
Ներկայումս Հայաստանի համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդգրկված են 236 սիրիահայ երեխաներ, իսկ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ շուրջ 600 սովորող կա: Նրանցից 203-ը ընդգրկված են Հայաստանի ավագ դպրոցներում, 325-ը հիմնական դպրոցներում, իսկ ոչ պետական դպրոցներում սովորում են 42 սիրիահայ երեխաներ: Մարզերում սովորողների թիվը 12 է:
Այս տվյալները սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող հանձնաժողովի նիստում ներկայացրեց Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Հայաստան ժամանելուն պես, պետք է ասեմ, որ բոլոր սիրիահայերը անխտիր տեղավորվել են դպրոց՝ անկախ նրանից, նրանք փաստաթղթեր ունեցե՞լ են, թե՞ ոչ: Նշեմ նաև, որ նրանց համար շատ մատչելի է դարձել նախադպրոցական հաստատություն ընդունվելու կարգը. Նրանք ընդունվում են մանկապարտեզ դիմելուց անմիջապես հետո, առանց հերթագրվելու», -ներկայացրեց ԿԳՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով, սիրիահայերի համար փոփոխություն է կատարվել նաև բուհեր ընդունվելու մասին կարգում. Նրանք բուհեր են ընդունվում արտամրցույթային տարբերակով: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս կարգի շրջանակներում կառավարությունը անվճար տեղեր է տրամադրում ամեն տարի, բաժանվում է սփյուռքահայերի մեջ:
Ինչ վերաբերում է ուսման վարձին, ապա սիրիահայերը, Հովհաննիսյանի փոխանցմամբ, ուսման վարձերը վճարում են այնքան, որքան Հայաստանի բնակիչները: Նկատենք, որ օտարերկրյա քաղաքացիների համար սահմանված ուսման վարձավճարները ավելի բարձր են:
ԿԳՆ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ Երևանի թիվ 14 հիմնական դպրոցում դասավանդում են արաբերեն՝ 1-ին դասարանից: Բացի արաբերենից, ԿԳՆ-ում մտածում են նաև արևմտահայերենի ծրագրի մշակման ու դպրոցներում դասավանդելու մասին:
«Ունենք հաստատված և մշակված 10-11-րդ դասարանների համար արևմտահայերենի դասավանդման ծրագիր: Սակայն կարիք կա նաև ցածր դասաարններում այս խնդիրը լուծելու: Նախատեսվում են մշակումներ: Նաև նախատեսվում է հայոց լեզվի և գրականության ուսուցիչների վերապատրաստումների ծրագրերում նախատեսել արմտահայ երեխաների դասավանդման մեթոդական ծրագրեր», -տեղեկացրեց Հովհաննիսյանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի նիստը վարող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Հովհաննիսյանին արձագանքեց, տեղեկացնելով որ Հալեպից Հայաստան տեղափոխված 42 ուսուցչուհի կա, որոնք կարող են հենց արևմտահայերեն դասավանդել երեխաներին: «Էլ ինչո՞ւ եք վերապատրաստում, այդ կանանց կարող եք աշխատանք տալ դպրոցներում», -նկատեց Հակոբյանը, ինչին ԿԳՆ ներկայացուցիչը արձագանքեց ժպիտով:
Հովհաննիսյանի խոսքով, սիրիահայ երեխաները մասնակցում են բոլոր ուսումնական ծրագրերին, տարբեր մրցույթներին: Նիստը վարող Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը իր հերթին նկատեց, որ տարբեր բուհերի ղեկավարներից, ներկայացուցիչներից շատ է լսել սիրիահայ ուսանողների առաջադիմության մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները