Մարդիկ քիչ են վստահում ու դիմում պոլիկլինիկաներ. հետազոտություն
«Բուժօգնության առաջնային օղակի բարելավումը շարունակում է մնալ հրատապ»,-«Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» բյուջետային ծրագրի գնահատման զեկույցը ներկայացնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը:
Զեկույցը պատրաստել էին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը և Օքսֆամ հայաստանյան գրասենյակը՝ Եվորապական միության աջակցությամբ:
«Կատարվել է հետազոտություն բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայությունների բյուջետային ծրագրի գնահատման հետ կապված և հիմնականում հետևյալ բացահայտումներն են արվել. պոլիկլինիկաներ դիմելիությունը, մարդկանց իրազեկվածությունը բավականին ցածր է, այսինքն մարդիկ չգիտեն, թե ի՞նչ ծայառություններ են այդտեղ մատուցվելու, ինչպիսի՞ դեղորայք են տրամադրվում, ի՞նչ դեղաչափով: Ցածր է նաև որակյալ ծառայություններ ստանալու ակնկալիքն ու վստահությունը, հանրամատչելի չեն ծառայությունների ցանկը»,-մանրամասնեց Մարգարիտա Հակոբյանը:
Նրա կարծիքով, երկուստեք պետք է աշխատանք տարվի՝ բուժհաստատությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որպեսզի ավելի հանրամատչելի լինի, թե պոլիկլինիկաներում ինչպիսի ծառայություններից կարող են օգտվել մարդիկ:
Օքսֆամ կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրեց, որ Հայաստանում գործում է թվով 504 ամբուլատոր պոլիկլինիկական հաստատություններ՝ մոտ 14000 հոգուց բաղկացած բժշկական անձնակազմով: Զեկույցի համաձայն՝ կարիքի դեպքում ամբուլատոր հաստատություններ դիմում է բնակչության 20 տոկոսը՝ այն էլ միջին և դրանից ցածր խավը, իսկ տնային տնտեսությունների՝ 60 տոկոսը: Օգտվողները առավելապես 0-7 տարեկան երեխաներն են ու տարեցները: Անվճար և արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունք ունեցողների ընդամենը 17 տոկոսն է օգտվում այդ իրավունքից:
«Մեր առաջարկություններից մեկն այն է, որ բուժհիմնարկները զերծ մնան դեղորայքներ ձեռք բերելուց, իրենց վրա չդրվի այդ պարտականությունը, որը մինչև հիմա կա: Լինի մի երրորդ կողմ, որն ավելի անկողմնակալ ու վստահելի կլինի ու զերծ կմնա այլ միջոցներով դեղորայք ձեռք բերելուց»,-ասաց Մ. Հակոբյանը:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս օղակում առկա խնդրի լուծման ճանապարհներ են մշակվում:
«Մինչև տարվա վերջ խնդրի լուծման մեր ռազմավարական ծրագրերը մասնրամասն պատրաստ կլինեն: Այժմ վերանայում ենք այն բոլոր գործառույթները, որոնք իրականացվում են մեր առողջապահական հաստատություններում՝ դրանց մեջ վերացնելով հաճախումների հետ կապված ավելորդ քաշքշուկները: Կարծում եմ սա իր արդյունավետությունը պետք է տա: Որպես օրինակ կարող եմ նշել դեղատոմսերի դուրսգրման գործընթացը, որը ցավոք սրտի այս պահին բավականաչափ բարդ է և տեղի է ունենում բազմաթիվ կաբինետների հաճախումով, ստորագրություններ հավաքելով: Մենք շատ շուտով դա պետք է պարզեցնենք, դարձնենք մատչելի ընթացակարգ»:
Ինչ վերաբերում է պոլիկլինիկաների հագեցվածությանն ու հնարավարություններին, նախարարն ասաց, որ իհարկե դրանք տարբերվում է ամենաառաջադեմ բժշկական հիմնարկներից, բայց պոլիկլինիկաները անում են այն, ինչ պետք է անեն. «Ոչ ոք չի ասում, որ պոլիկլինիկաները կարող են մատուցել բոլոր տեսակի ծառայությունները: Դրանք առաջին հերթին իդենտիֆիկացնում են այն բոլոր խնդիրները, որոնք կան բնակչության մոտ, կատարում իմունականխարգելում, խրոնիկ հիվանդությունների կառավարում, ուղերգրումներ դեպի հիվանդանոցներ ու նեղ մասնագիտական բուժհիմնարկներ: Այս օղակի ֆունկցիաների մեջ է մտնում նաև համապատասխան դեղորայքի, բուժպարագաների ու թեստերի ապահովումը, մանկաբարձական ծառայությունները, դպրոցներում բուժքույրերի ծառայությունները»:
2016 թվականին պետական բյուջեից «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» բյուջետային ծրագրի ֆինանսավորմանը հատկացվել է 11,2 մլրդ դրամ, որը կազմում է առողջապահության պետական ծախսերի 12,7 տոկոսը կամ պետբյուջեի 0,6 տոկոսը: