Դիուֆ. «Ջերարդը վազում ու մարզչին պատմում էր հանդերձարանում տեղի ունեցածը»
«Լիվերպուլի» նախկին հարձակվող սենեգալցի Էլ-Հաջի Դիուֆը անգլիացի ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդին ոչ լեգենդար է համարում և ոչ էլ մարդ: «Էնֆիլդ Ռոուդում» հանդես եկած տարիներին Սթիվին մարդկային տեսանկյունից սենեգալցուն ընդհանրապես դուր չի եկել: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
«Երբ ես դարձա «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, միանգամից հասկացրեցի Սթիվենին, որ նա ինձ համար ոչինչ է: Ջերարդը Զիդանը չէ: Այո, նա լավ ֆուտբոլիստ էր, բայց նրա մարդկային հատկանիշներն ինձ միանգամից դուր չեկան, և ես դա հասկացրեցի նրան:
Նա մյուսների նման հասարակ ֆուտբոլիստ էր, պետք է իր աշխատանքը կատարեր: Փոխարենը վազում էր մարզչի մոտ ու պատմում հանդերձարանում տեղի ունեցած բոլոր խոսակցությունները: Նա միշտ խուսափում էր նայել աչքերիս մեջ, քանի որ վախենում էր խոսել հետս»,- ասել է Դիուֆը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին 36-ամյա Սթիվեն Ջերարդը հայտարարեց մարզական կարիերան ավարտելու մասին: Իսկ ահա Դիուֆը «Լիվերպուլում» հանդես է եկել 2002-2004 թթ.: Այդ ընթացքում նա մասնակցել է 79 հանդիպման` դառնալով 6 գոլի հեղինակ: