Բյուրոկրատ գրախանութ-սրճարանում տեղի կունենա «Բարի տոպրակ» նախագծի ցուցահանդես- վաճառքը
Բյուրոկրատ գրախանութ-սրճարանում վաղը տեղի կունենա «Բարի տոպրակ» նախագծի առաջին ցուցահանդես-վաճառքը, որտեղ ներկայացված կլինեն «Բարի տոպրակ» նախագծի մասնակիցների՝ Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաների կողմից պատկերազարդված էկոտոպրակները: Միջոցառման PR պատասխանատու Սաթենիկ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ «Բարի տոպրակ» նախագիծը ստեղծվել է 2016 թվականին՝ Հայ օգնության ֆոնդի, «Ջի Տեքս» արտադրամասի և Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան նախաձեռնությամբ:
«Համագործակցության նպատակն է ապահովել սահմանափակ կարողություններով երեխաների զբաղվածությունը, տալ նրանց ինքնադրսևորման հնարավորություն: Մենք որոշեցինք այս միջոցառումն անել Հաշմանդամների միջազգային օրվան ընդառաջ՝ վեր հանելով նաև հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության լիարժեք անդամ լինելու խնդիրը»,- նշեց նա՝ հավելելով, որ միջոցառման ընթացքում իրենց աշխատանքներն անձամբ կներկայացնեն նախագծի շահառու երեխաները:
Սաթենիկ Խաչատրյանն ասաց, որ մանկատան 25 սան մեկ ամսում նկարել են 80 պայուսակի վրա, որոնք էլ ներկայացվելու են ցուցահանդես-վաճառում:
«Երեխաները մանկատանն անցնում են նկարչության, ձեռքի աշխատանքի, կավագործության դասընթացներ»,- հավելեց նա:
Ցուցահանդես- վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը:
Ս. Խաչատրյանն ասաց, որ այս նախագիծն առաջին համագործակցությունն է և արդյունքը կողմերին բավարարելու դեպքում նմանատիպ նախագծերը կլինեն շարունակական:
Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատունը գործում է 1950 թվականից: Մանկատունը նախատեսված է մինչև 18 տարեկան մտավոր և ֆիզիկական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների համար: Այժմ մանկատան խնամքի ներքո են գտնվում շուրջ 240 երեխա:
Լուսանկարները տրամադրել է Ս.Խաչատրյանը: