Վիգեն Սարգսյանի առաջին արտերկրյա այցը կլինի դեպի Ռուսաստան
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի առաջին արտերկրյա այցը նոր պաշտոնում կլինի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նա պատրաստվում է մասնակցել բազմաթիվ երկկողմ և բազմակողմ պաշտոնական հանդիպումների և համայնքային միջոցառումների։
Այս մասին ասել է անձամբ նորանշանակ նախարարը ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որի մի մասը հրապարակվել է այսօր։
Խոսելով Ռուսաստանը որպես առաջին այցի երկրի ընտրելու մասին, Վիգեն Սարգսյանը ասել է, որ դա «օրինաչափ է», քանի որ երկու երկրներին միավորում են «ոչ միայն երկարաժամկետ դաշնակցային հարաբերությունները, այլև երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը»։
Նոյեմբերի 27-30 ծրագրված այցի ընթացքում նախարարը կայցելի Դոնի Ռոստովում գտնվող ՌԴ Հարավային ռազմական օկրուգ, ապա կմեկնի Մոսկվա ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների, որի արդյունքում կստորագրվի «Զինված ուժերի միացյալ խմբի մասին» միջպետական պայմանագիրը և 2017թ երկու գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը։
Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստը։
«Ես նաև պլանավորում եմ հանդիպել Հայաստանի բարեկամների հետ, ովքեր ներդրել և շարունակում են ներդնել իրենց ջանքները հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում, կհանդիպեմ հայ-ռուսական հարաբերություններով զբաղվող պատգամավորների և դիվանագետների հետ, ՌԴ-ի ռազմական բուհերում ուսանող հայ կուրսանտների, ինչպես նաև Սփյուռքի ներկայացուցիչների հետ», - ասել է նախարարը «Իզվեստիա» թերթին։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան