Որ սոցցանցերից են ավելի հաճախ օգտվում Հայաստանում. Սամվել Մարտիրոսյան
Նոյեմբերի 26-ին նշվում է Տեղեկատվության համաշխարհային օրը: Այն տոնվում է 1994 թվականից՝ Տեղեկատվության միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյան, 2015թ-ին Հայաստանում համացանցի ներթափանցումը հասել է 70 տոկոսի, այս տարի կանխատեսվում է, որ համացանցի ներթափանցումը կհասնի 75-77%-ի: Ըստ նրա՝ եթե 2010-2014թթ-ին Հայաստանում համացանցի աճը պայթյունային էր, ապա կարելի է արձանագրել, որ վերջին երկու տարում աճը դանդաղել է:
Նրա խոսքերով՝ Հայաստանում նաև նկատվում է բջջային կապի բաժանորդների, շարժական ինտերնետից օգտվողների թվի աճ:
«Օրինակ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից 10-ից 8-ը օգտվում են նաև շարժական սարքերից, իսկ մեկ տարի առաջ այդ թիվը հասնում էր 4-5-ի»,- ասաց նա:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի համացանցում սոցիալական ցանցերը մնում են հիմնական հարթակները, սակայն նկատվում է հարթակների լսարանների վերաբաշխում։ Վերջին շրջանում «Օդնոկլասնիկի» սոցցանցը զիջում է դիրքերը, մյուս կողմից՝ սկսում է դանդաղել «Ֆեյսբուքի» աճը, քանի որ առաջ են գալիս նոր հարթակներ։ Նրա փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցցանցից Հայաստանից ակտիվ օգտատերերի թիվը ամսական կտրվածքով հասել է մեկ միլիոնի, օրական լսարանը հասնում է մոտ 750 հազարի։ Ինչ վերաբերում է «Օդնոկլասնիկի»-ին, ապա ամսական կտրվածքով օգտատերերի թիվը հասնում է 1 մլն-ի, իսկ օրական կտրվածքով՝ 760 հազարի:
Հայաստանում ամենաայցելվող սոցցանցերից է «Վկոնտակտե»-ն, սակայն այցելուների հիմնական մասը «Վկոնտակտե»-ն օգտագործում է ոչ թե որպես սոցիալական ցանց, այլ երաժշտություն լսելու և ֆիլմեր նայելու հարթակ։ Իսկ որպես ակտիվ շփման միջոց, ըստ մասնագետի, այդ սոցցանցը Հայաստանում դեռ չի կայացել և դժվար է ասել՝ կկայանա, թե ոչ:
Մեկ այլ սոցիալական ցանց, «Ինստագրամը», հակառակը, աճում է արագ տեմպերով։ Այստեղ ակտիվ օգտվողների թիվը Հայաստանից ամսական կտրվածքով հասնում է 250 հազարի, ամսական աճը կազմում է ՝ 15-20%։ «Ինստագրամ»-ից հիմնականում օգտվում են երիտասարդները և շատ հաճախ նրանք Ֆեյսբուքից գնում են Ինստագրամ, քանի որ այն, ըստ մասնագետի, «բարի, գեղեցիկ, նյարդեր չքայքայող» հարթակ է:
Ինչ վերաբերում է «Թվիթերի»-ին, ապա վերջին մեկ տարվա ընթացքում նկատվում է սոցցանցի ակտիվացում հատկապես երիատասարդության շրջանում: «Թվիթեր»-ի հայաստանյան լսարանը մոտավորապես կարելի է գնահատել 15-20 հազար օգտատեր։
Հայաստանում ամենաօգտագործվող մեսենջերը Viber-ն է, դրան հաջորդում են WhatsApp-ն ու Facebook Messenger-ը: Վերջինից օգտվողների թիվը հասնում է շուրջ 350 հազարի:
Ինչ վերաբերում է էլ-փոստերին, ապա, ըստ Սամվել Մարտիրոսյանի, Հայաստանում ամենաօգտագործվողը շարունակում է մնալ mail.ru-ն, բայց վերջին 3-7 տարիներին այն իր դիրքերը զիջել է. 3-4 տարի առաջ mail.ru-ն հայաստանյան շուկայում զբաղեցնում էր մոտ 80 տոկոսը, բայց հիմա մարդիկ սկսում են օգտվել Gmail-ից ու Yahoo-ից:
Փորձագետի խոսքերով՝ սոցցանցերը շատ ակտիվ օգտագործվում են որպես տեղեկատվության աղբյուր, բայց թույլ է աղբյուրների հավաստիության ստուգումը: Դրա հետևանքով, ըստ նրա, շատ հաճախ ապատեղեկատվությունը ներթափանցում է տեղեկատվական դաշտ: