Զիդան. «Ջեյմս Ռոդրիգեսի ժամանակը կգա»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Խիխոնի «Սպորտինգի» հետ խաղից իր սպասելիքներով։
«Հաշվի առնելով, որ «Սպորտինգի» հետ խաղալու ենք մեկ շաբաթվա ընթացքում 2 ծանր հանդիպումից հետո, կարելի է ասել, որ առաջիկա խաղը շատ ավելի բարդ կլինի, քան ենթադրում են բոլորը։ Մենք մի քիչ հոգնել ենք։ Շատ կարևոր է, որ մինչև հիմա ճիշտ ճանապարհի վրա ենք։ Կաշխատենք շարունակել նույն ոգով»,- Զիդանի խոսքերը մեջբերել է football.ua-ն։
Մամուլի ասուլիսում Զիդանը խոսել է նաև Ջեյմս Ռոդրիգեսի խաղային փորձի մասին։ Հիշեցնենք, որ վերջինս դուրս է մնացել թիմի կազմից և հիմա հազվադեպ է նույնիսկ փոխարինման մտնում։
«Նրա փոխարեն ես չէի հեռանա «Ռեալից»։ Ճիշտ չէ, որ գրեթե խաղային ժամանակ չի ստանում։ Նա իրեն դրսևորելու հնարավորություն կստանա։ Ջեյմսը շատ կարևոր է «Ռեալի» համար։ Նրա ժամանակը կգա»,- նշել է մարզիչը։
Եթե «Սպորտինգի» հետ խաղում պաշտպան Սերխիո Ռամոսը դեղին քարտ ստանա, ստիպված կլինի բաց թողնել «Բարսելոնի» հետ հաջորդ հանդիպումը։
«Ռամոսը կմասնակցի «Սպորտինգի» հետ խաղին, չնայած ռիսկին, որ կարող է դեղին քարտ ստանալ ու բաց թողնել «Բարսելոնի» հետ հանդիպումը։ Հավատում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- ավելացրել է Զիդանը։