Աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը ելույթ է ունենալու հայ հանդիսատեսի համար
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում դեկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Կիրիլ Գերշտայնը: Բացառիկ վարպետության տեր այս երաժիշտը մշտապես հանդես է գալիս որպես մենակատար այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են Նյու Յորքի և Ռոտտերդամի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ֆիլադելֆիայի նվագախումբը, Կոնցերտգեբաուն, Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն: Այս մասին Panorama.am-ին հայտնում են փառատոնի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ մինչ այդ՝ դեկտեմբերի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու ականավոր վիրտուոզ դաշնակահար Բորիս Բերեզովսկու համերգները: Բորիս Բերեզովսկին հանդիսանում է աշխարհ լավագույն դաշնակահրներից մեկը՝ Չայկովսկու անվան մրցույթի ոսկե մեդալակիր: Նա վերջին անգամ Հայատսնում հանդես է եկել փառատոնի շրջանակներում 2010թ-ին:
Դեկտեմբերի 12-ին դաշնակահարը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Ծրագրում կհնչի Պ.Ի. Չայկովսկու թիվ 2 դաշնամուրային կոնցերտը և Սիբելիուսի թիվ 2 Սիմֆոնիան:
Դեկտեմբերի 13-ին Բորիս Բերեզովսկին հայ հանդիսատեսի համար հանդես կգա եզակի մենահամերգով, որի ընթացքում կհնչեն Բարտոկի Սոնատը և 3 Էտյուդները, ինչպես նաև` Լիստի հանրահայտ 12 Էտյուդները: