Իսկոն կարող է Մադրիդը փոխարինել Բարսելոնով
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կատալոնյան «Բարսելոնի» տրանսֆերային առաջնահերթություններից մեկն է։ Իսկոյի ու «Ռեալի» փոխհարաբերությունները երբեք էլ հարթ չեն ընթացել։ Կիսապաշտպանը մեկ անգամ չէ դժգոհել, որ տեղ չունի թիմի հիմնական կազմում, զրկվել է խաղային պրակտիկայից՝ արժանանալով ակումբի ղեկավարության ու մարզչական շտաբի անարդարացի վերաբերմունքին։ Հենց այդ պատճառով վերջին տարիներին մամուլում պարբերաբար լուրեր են հայտնվում, որ նա շուտով կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այժմ անգլիական մամուլը նրան ակտիվորեն ուղղորդում է դեպի «Բարսելոն»։
«Մալագայից» «Ռեալ» տեղափոխության պահին «Բարսելոնը» նույնպես Իսկոյի տրանսֆերի գնման հավակնորդների թվում էր, սակայն ֆուտբոլիստը որոշեց տեղափոխվել Մադրիդ։ Իսկոյի նկատմամբ կատալոնցիների ուշադրությունը, ինչպես երևում է, ժամանակին զուգընթաց չի նվազել, և նրանք մտադիր են օգտվել իրավիճակից։ Բանն այն է, որ ֆուտբոլիստը դեռ չի երկարաձգել պայմանագիրը։
«Ռեալի» հետ Իսկոյի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ. հունիսի 30-ը։ Եվ եթե մադրիդցիները որոշեն բաժանվել նրանից, տրանսֆերային արժեքը միանգամայն ընդունելի կլինի։ Բացի այդ, Իսկոն ընդամենը 24 տարեկան է։ Եվ եթե դրան գումարենք ոչ այնքան բարձր արժեքը, բայց խաղային բարձր որակները, հասկանալի կդառնա, որ շատերը կձգտեն գնել նրա տրանսֆերը։
Եթե «Ռեալը» որոշի Իսկոյին բաց չթողնել մինչև պայմանագրի ժամկետի ավարտը, «Բարսելոնը» կարող է լուրջ գումար վճարել ֆուտբոլիստին, որպեսզի նրա առաջնահերթ ընտրությունը լինի, երբ իսպանացին ազատ խաղացողի կարգավիճակ կստանա։ Ի դեմս «Ռեալի» կիսապաշտպանի՝ կատալոնցիները տեսնում են Անդրես Ինյեստային փոխարինողին։ 2018 թ. Անդրեսն արդեն 34 տարեկան կլինի։
Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստին, ներկա պահին նա ոչ հաստատում ու ոչ էլ մերժում է որևէ տարբերակ։ Միանգամայն հնարավոր է, որ նա երկարաձգի պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ, սակայն առայժմ չի կարողանում պայմանավորվել աշխատավարձի հարցում։ Ըստ isport.ua-ի տեղեկությունների՝ Իսկոն ցանկանում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ ստանալ, իսկ «Ռեալը» մտադիր չէ այդքան գումար վճարել նրան։ Այդուհանդերձ, կողմերը դեռ կարող են ընդհանուր հայտարարի հանգել ու նոր պայմանագիր ստորագրել։ Իսպանացին չի բացառում, որ կարող է տեղափոխվել «Բարսելոն», չնայած Լուիշ Ֆիգուի՝ Մադրիդ տեղափոխությունից հետո այդ ակումբների միջև չգրված պակտ գոյություն ունի այն մասին, որ այս թիմերի միջև տրանսֆերային գործարքներ չպետք է կայանան։
Այս ամենը հասկանում է նաև Իսկոյի ընտանիքը, որն իրեն հաշվետվություն տալիս է, որ Մադրիդը Բարսելոնով փոխարինելն այնքան էլ հեշտ չի լինի։ Մասնավորապես՝ ֆուտբոլիստը հաստատ կբախվի իր այժմյան երկրպագուների բացասական արձագանքին։