ՀՀԿ համագումարում ուղերձներով հանդես եկան արտասահմանյան գործընկեր կուսակցությունները
ՀՀԿ համագումարին ներկա են հյուրեր կուսակցության արտասահմանյան գործընկեր կուսակցությանններից, հնչեցին արտասահմանյան գործընկեր կուսակցությունների ղեկավարների ուղերձները: «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձն ընթերցեց «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի փոխքարտուղար, պետդումայի պատգամավոր Սերգեյ Ժելեզնյակը:
Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Հարգելի պատվիրակներ և համագումարի հյուրեր,
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Մեր երկրները կապված են միմյանց հետ ընկերական և բարիդրացիական դարավոր կապերով: Մեր կապերն առավել ամրապնդվեցին Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցմամբ, ստեղծվեցին նոր հնարավորություններ խոշոր փոխշահավետ նախագծերի իրականացման համար:
Այսօր երկու պետությունների կառավարությունները մեծ ուշադրություն են դարձնում եվրասիական տարածքում ինտեգրման գործընթացների խորացմանը, Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովմանը: Ռուս-հայկական հարաբերություններն ընդգրկում են բազում ոլորտներ՝ առևտրատնտեսական, էներգետիկ, ներդրումային, մշակութային և հումանիտար: Այս բազմապլանային գործընկերության կարևոր մաս է կազմում «Միասնական Ռուսաստան» կուսակցության և Հայաստանի Հանրապետական կուսակցության կառուցողական համագործակցությունը:
Համոզված եմ, որ մեր միջկուսակցական համագործակցությունն այսուհետ էլ հաջողությամբ կզարգանա: Իսկ համագումարը նոր կարևոր փուլ կդառնա ձեր կուսակցության գործունեության մեջ, կնպաստի Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի սոցիալական և տնտեսական խնդիրների արդյունավետ լուծմանը:
Ցանկանում եմ Համագումարին բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ եղբայրական Հայաստանի, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և բարգավաճում»:
ՀՀԿ 16-րդ համագումարին տեսաուղերձով դիմեց նաև «Եվրոպական ժողովրդական» կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը. «Հարգելի նախագահ Սարգսյան,
Հայաստանի Հանրապետական կուսակցության հարգելի ընկերներ,
Դժբախտաբար ես չեմ կարողացել միանալ ձեզ այսօր, բայց այնուամենայնիվ ցանկանում էի ձեզ հասցեագրել այս բարեկամական ուղերձը ձեր համագումարի կապակցությամբ, որը տեղի է ունենում ձեր կուսակցության և ձեր երկրի համար շատ կարևոր պահի:
Այս ամռանը Հայաստանին մեծ վիշտ պատճառած բռնություններից հետո ձեր երկիրը կարիք ունի ուշքի գալու, լարվածությունը թուլացնելու, նոր թափ հաղորդելու իր որդեգրած բարեփոխումների ճանապարհին՝ ճանապարհին դեպի Եվրոպա:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս գործընթացի հաջողության հիմնական դերակատարն է: Որպես իշխող քաղաքական կուսակցություն՝ դուք կրում եք քաղաքական կայունությունը վերականգնելու, կոռուպցիայի դեմ պայքարելու, իրավական պետության սկզբունքներն ամրապնդելու, դատական համակարգի անկախությունն ապահովելու պատասխանատվություն: Այս ամենը կարևոր է հայ ժողովրդի համար, որն արժանի է ապրելու ժամանակակից, բարգավաճ և կայուն երկրում: Այս ամենը կարևոր է՝ ապահովելու համար կայունություն տարածաշրջանում, որը կարող է միայն օգուտ քաղել այդպիսի երկրի գոյությունից: Այս ամենը կարևոր է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների խորացման համար, ինչը միշտ առաջ է քաշվել և աջակցության արժանացել ԵԺԿ-ի կողմից: Եվ մենք կշարունակենք ձեզ աջակցել և աշխատել ձեզ հետ, որպեսզի պաշտպանենք և առաջ քաշենք մեր ընդհանուր եվրոպական արժեքները և հասնենք գործընկերության և խորացված ու փոխշահավետ համագործակցության նոր համաձայնագրի:
Ես միշտ բարձր եմ գնահատել համագործակցությունը ձեր կուսակցության և հատկապես նախագահ Սարգսյանի հետ, որի հետ ես միշտ հետաքրքիր շփումներ եմ ունեցել ԵԺԿ-ի ընդլայնված գագաթաժողովների շրջանակներում:
Հարգելի ընկերներ, նախորդ տարվա դեկտեմբերին կայացած հանրաքվեի միջոցով վավերացվել է սահմանադրական բարեփոխումների ձեր ծրագիրը: Բոլոր այն քաղաքացիները, որոնք կողմ են քվեարկել Սահմանադրության փոփոխություններին, անկասկած դա արել են այն հույսով, որ նոր Սահմանադրությունը՝ նոր ընտրական օրենքի հետ մեկտեղ, կկարողանա նպաստել ավելի կայուն, ավելի զարգացած և ավելի ժողովրդավարական պետության կառուցմանը: Այժմ դուք պետք է նրանց ապացուցեք, որ այդ հույսը հիմնավոր էր: Բոլոր քաղաքական ուժերը պետք է համատեղ աշխատեն, որպեսզի ապահովեն, որ 2017 թվականի պառլամենտական ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ, խաղաղ, միջազգային ստանդարտներին համապատասխան: Հենց դուք եք ամենից առաջ կրում դրա պատասխանատվությունը, քանզի որքան մեծ է իշխանության չափաբաժինը, այնքան մեծ է ստանձնած պատասխանատվությունը:
Այսօր դուք քվեարկելու եք, որպեսզի վերահաստատեք ձեր վստահությունը նախագահ Սարգսյանի հանդեպ, որպեսզի ընտրեք նոր գործադիր մարմին և նոր խորհուրդ, որպեսզի հավանություն տաք մի ծրագրի, որն առաջիկա տարիներին ձեզ կծառայի որպես ուղեցույց:
Ես բարձր եմ գնահատում ձեր կուսակցության բարեփոխումների ծրագիրը երկրի բարեփոխումների ծրագրին զուգընթաց իրականացնելու ձեր նախաձեռնությունը: Ուրախությամբ տեղեկացա նաև, որ ձեր նոր ծրագիրը շարադրելու համար դուք ոգեշնչվել եք ԵԺԿ-ի ծրագրով: Դա հիանալի առիթ է՝ ամրապնդելու մեր կապերը և մեր պարտավորությունը մեր ընդհանուր արժեքների հանդեպ:
Ես ձեզ ցանկանում եմ արդյունավետ քննարկումներ ձեր ապագայի վերաբերյալ և հաջողություն եմ մաղթում բոլոր թեկնածուներին»:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության ուղերձն ընթերցեց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Ուղերձում նշված էր. «Հայաստանի Հանրապետական կուսակցության 16-րդ Համագումարի բացման կապակցությամբ ի սրտե շնորհավորում ենք Ձերդ գերազանցությանը և բոլոր պատվիրակներին: Մաղթում ենք համագումարին ամբողջական հաջողություններ:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Հայաստանի քաղաքական ասպարեզի ամենածանրակշիռ ուժն է իրենից ներկայացնում: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իր ակտիվ ղեկավարի առաջնորդությամբ, որպես իշխող կուսակցություն ունեցել է կարևոր դերակատարություն և հասել է ակնառու հաջողությունների տնտեսական զարգացման աջակցության և երկրի բնակչության սոցիալական աճի և բարեկեցության բարելավման ուղղություններով:
Վերջին տարիների ընթացքում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հայաստանի Հանրապետական կուսակցությունը միմյանց միջև պահպանում են սերտ կապեր՝ շարունակաբար խորացնելով համագործակցությունը և փոխվստահությունը միմյանց միջև: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պատրաստ է փոխադարձ անկախության, ինքնուրույնության, հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու հիման վրա հետագայում զարգացնել բարեկամական համագործակցությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ՝ ի նպաստ երկու ժողովուրդների միջև ձևավորված ավանդական բարեկամության՝ այդ կերպ նոր ներդրում ունենալով հայ-չինական միջպետական բազմակողմանի հարաբերությունների զարգացմանը:
Ցանկանում ենք, որ Ձեր կուսակցությունը հասնի նոր հաջողությունների՝ ի նպաստ Հայաստանի բարգավաճման և իր ժողովրդի երջանկության:
Մաղթում ենք Չինաստանի և Հայատանի ժողովուրդների միջև հարատև բարեկամություն»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ համագումարը մեկնարկեց
- Աշոտյան. Ինձ համար անհոգ եղեք
- Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ում ունենալու են շատ լուրջ դերակատարում և միսիա. Շարմազանով
- Սյուրպրիզներ չեն լինելու, բոլոր փոփոխությունները կլինեն տրամաբանության շրջանակներում.ՀՀԿ խոսնակ
- Թադևոսյան. Վարչապետն ու չորս նախարարներըն արդեն ՀՀԿ շարքերում են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան