Օֆշորի գործի հետ կապված ՀՔԾ-ն հայտարարություն կանի. Միհրան Պողոսյան
ՀՔԾ-ն մոտ ապագայում հայտարարություն կանի: Այդ մասին այսօր ՀՀԿ համագումարի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ում անունը շրջանառվում է օֆոշորային սկանդալի գործով:
Նա ասաց, որ այժմ գործը քննության փուլում է, և ճիշտ չէ դրա վերաբերյալ «չակերտներ բացել»:
«Մարդկանց մեջ օֆշոր հասկացությունը բացասական երևույթ է ընկալվում: Օֆշոր հասկացողությունը բացասական չէ, եթե գումարները օրինական են: Այստեղ գումարների օրինական կամ ոչ օրինական լինելու խնդիրը պետք է արծարծվի», -ասաց Միհարն Պողոսյանը:
Հիշեցնենք` «Հետք» պարբերականը դեռևս մարտին հրապարակել էր մի հետաքննություն, որում փաստերով ներկայացվել էր Միհրան Պողոսյանի` օֆշորային գոտիներում ստեղծած հարստությունը:
«Հետք»-ը գաղտնազերծված օֆշորային ընկերությունների միլիոնավոր փաստաթղթերում (Պանամայի փաստաթղթեր) հայտնաբերել էր ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Ըստ այդ փաստաթղթերի, 39-ամյա պաշտոնյան բաժնետեր է Պանամայում գրանցված երեք ընկերություննների։
Ապրիլի 18-ին Միհրան Պողոսյանը հայտարարել էր, թե ցավում է, որ իր անունը նույն փաստաթղթերում հայտնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։
«Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու», -ասել էր նա:
Արդարադատության նախարարության ԴԱՀԿԾ նախկին պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օերնսգրքի 310 հոդվածի հատկանիշներով` «Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, այսինքն` պաշտոնատար անձի կողմից, օրենքով սահմանված արգելքին հակառակ, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություն հիմնադրելը կամ անձամբ կամ վստահված անձի միջոցով այդպիսի կազմակերպության կառավարմանը մասնակցելը, եթե այդ արարքները կապված են այդպիսի կազմակերպությանն արտոնություններ և առավելություններ տրամադրելու կամ այլ ձևով հովանավորելու հետ»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել. «Ժողովուրդ»
- Առաջիկայում տեղեկատվություն կտարածվի Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հաշիվների վերաբերյալ
- Միհրան Պողոսյանի օֆշորային գործարքների հետ կապված նյութերով ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել