Վիգեն Սարգսյանը ներկայացրել է, թե ինչ նպատակներ է ունենալու հայ-ռուսական Զինված ուժերի միացյալ խմբավորումը
«Զինված ուժերի միացյալ խմբավորումը, մեծ հաշվով, ստեղծվել է վաղուց։ Ամեն տարի 2000թ ի վեր սեպտեմբերի 27-ին մենք նշում ենք այդ խմբավորման ստեղծման տարեդարձը։ Դրա հիմքը 16 տարի առաջ զինված ուժերի կիրառման համատեղ պլանավորման հարցերի վերաբերյալ Սոչիում ստորագրված համաձայնագիրն է, որը նախատեսում էր խմբավորման ստեղծում, ինչը եւ արվել էր երկու երկրների Գլխավոր շտաբերի պետերի համապատասխան հրամանագրերով», - նոյեմբերի 26-ին ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` պատասխանելով հայ-ռուսական Զինված ուժերի միացյալ խմբավորման վերաբերյալ հարցին։
Ըստ նախարարի, նոր ստորագրվող համաձայնագիրը միջպետական մակարդակում է ապահովելու համատեղ խմբավորման գործունեության իրավական եւ նորմատիվային հենքը։
«Բացի դրանից, համաձայնագիրը հաշվի է առնելու գոյություն ունեցող իրողությունները եւ շտկելու է դրա գործունեության նպատակները, խնդիրները, կազմը, հակագործակցության կազմակերպումը եւ կառավարման համակարգը, տեխնիկական ապահովման հարցերը, տեղակայման կարգը եւ շատ այլ հարցեր», - ասել է Վիգեն Սարգսյանը։
«Այս միացյալ խմբավորման հիմնական խնդիրն է Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ զինված հարձակման (ագրեսիայի) անմիջական վտանգը ժամանակին բացահայտելը եւ դրան դիմակայելը ՀՀ եւ ՌԴ զինված ուժերի համագործակցության միջոցով», - հայ-ռուսական միացյալ խմբավորման նպատակների մասին խոսելով ասել է ՀՀ Պաշտպանության նորանշանակ նախարարը։
Նոյեմբերի 27-30 ծրագրված այցի ընթացքում ՀՀ Պաշտպանության նախարարը կայցելի Դոնի Ռոստովում գտնվող ՌԴ Հարավային ռազմական օկրուգ, ապա կմեկնի Մոսկվա ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունների, որի արդյունքում կստորագրվի «Զինված ուժերի միացյալ խմբի մասին» միջպետական պայմանագիրը եւ 2017թ երկու գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը։
Նոյեմբերի 30-ին Մոսկվայում տեղի կունենա ԱՊՀ անդամ-երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստը։
Հարցազրույցի ամբողջական տարբերակը կհրապարակվի նոյեմբերի 28-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան