Ջրի սակագինը ոչ թե թանկացել է, այլ՝ միջինացվել. ՋՏՊԿ-ի մամուլի խոսնակ
Հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կգործի խմելու ջրի միասնական սակագին՝ 180 դրամ: Խմելու ջրի միասնական օպերատորի համար հայտարարված մրցույթում հաղթել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը, որը Հայաստանում իր գործունեությունը կիրականացնի «Վեոլիա Ջուր» նորաստեղծ ընկերության միջոցով:
Panorama.am-ի թղթակից հետ զրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանն ասաց, որ մինչ այս Հայաստանում խմելու ջրի համակարգի սպասարկումն իրականացնում էր 5 ընկերություն: Նրանցից 4-ն աշխատում էին վարձակալական հիմունքներով, մեկը՝ կառավարման:
«Այս ընկերություններից յուրաքանչյուրն իր համար ընդունելի սակագին էր սահմանել իր սպասարկման տարածքի բնակչության համար: Ամենացածր սակագինը գործում էր «Երևան Ջուր» ընկերության սպասարկման տարածքում՝ 170.3 դրամ: Մյուս ընկերությունների սպասարկման տարածքում գործում էր 179.78, 172 և 203 դրամ սակագները: Այսինքն, ըստ ըության, նոր՝ 180 դրամ սակագինը միջինացված ցուցանիշ է: Խոսելով 10 դրամ թանկացման մասին, պետք է նշել նաև 23 դրամի էժանացումը»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Նրա խոսքերով՝ մինչ այս գործող 5 ընկերությունների գործունեությունն ավարտվել է պայմանագրով սահմանված ժամկետին համապատասխան: Ամիսներ առաջ հայտարարված մրցույթի մասնակցության հայտ է ներկայացրել 3 ընկերություն և 1 միջազգային կոնսորցիում: Տեխնիկական չափորոշիչների փուլը չի հաղթահարել 2 հայտատու ընկերություն:
«Երկրորդ փուլում քննարկվել են ընկերությունների ներկայացրած ֆինանսական փաթեթները: Այս փուլը բավականին երկար տևեց, քանի որ առաջարկված սակագինը բավականին բարձր էր՝ 230 դրամ: ՋՏՊԿ-ին հաջողվեց բանակցությունների միջոցով շուրջ 50 դրամով իջեցնել այս սակագինը: Մյուս հայտատուի ֆինանսական առաջարկի մասին որևէ բան ասել չեմ կարող, քանի որ դա նրա առևտրային գաղտնիքն է»,- ասաց ՋՏՊԿ-ի մամուլի խոսնակը:
Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ միասնական սակագինը սահմանվել է օպերատորի 15-ամյա պայմանագրային գործունեության համար, սակայն ենթակա է վերանայման: «Այսուհետ սակագնի վերանայման հարցը Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի տիրույթում է»,- ընդգծեց նա:
Ըստ պայմանագրի՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը առաջիկա 15 տարիներին շուրջ 89 մլրդ դրամի վարձակալության գումար կվճարի ՀՀ կառավարությանը, բացի այդ, ընկերությունը պարտավորվում է 37.5 մլրդ դրամի ներդրում կիրականացնի համակարգի զարգացման նպատակով:
Խոսելով օպերատորի պայմանագրային պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ, ՋՏՊԿ մամուլի խոսնակը նշեց, որ պայմանագրով մի շարք պատժամիջոցներ են նախատեսվում: «Օպերատորի կողմից պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում մի շարք սանկցիաներ են նախատեսված՝ այդ թվում նաև տուգանք՝ ընդհուպ մինչև վարձակալության ողջ գումարի չափով՝ 89 մլրդ դրամ»,- մանրամասնեց Սոնա Մարտիրոյանը:
Միասնական նոր օպերատորի սպասարկման տարածքից, սակայն, դուրս է մնում շուրջ 570 համայնք: Դրանց սպասարկման համար չկան համապատասխան ենթակառուցվածքներ:
«Այդ համայնքներից շատերում չկան ջրագծեր: Եթե պարզ ասենք, ապա դրանք բիզնես տեսակետից գրավիչ չեն օպերատորի համար: Այս պահին այս համայնքները սպասարկման գոտի դարձնելը կոմիտեի առաջնային խնդիրներից մեկն է: Փորձում ենք մշակել մեխանիզմներ այս համայնքներում համակարգի ներդրման և դրանք սպասարկման դաշտ բերելու համար»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան