«Կուսակցությունների մասին» խոսում են ՀՀԿ-ից
Մեր իրականության մեջ ազդեցիկ կոչվող շատ կուսակցություններ կան, որոնք այս խորհրդարանում 1 տարի չկարողացան պահել իրենց խմբակցության կազմը: Բարի եղեք կուսակցության որակի մասին խոսելիս՝ չպայմանավորել միայն ու միայն քանակով,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծի քննարկմանն ասաց պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ խոսքն ուղղելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում ազդեցիկ կուսակցություն ասելով հասկանում են մեծ թվով անդամներ ունեցող կուսակցություն՝ առանց հաշվի առնելու, թե այդ կուսակցությունը հանրային կյանքի կազմակերպման սեփական դոկտրինն ունի՞, ունա՞կ է ներկայանալ հանրությանը՝ հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու քաղաքական կարողություններով:
«Իսկ քանի՞ կուսակցությունը կլինի մեզ համար հարմար: Ո՞վ է որոշելու, ո՞րն է չափանիշը: Զեկուցողը՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննսիյանը ճիշտ է ասում, գնահատողը մեկն է՝ ընտրողը»,- ասաց Խ. Հարությունյանը:
Նա նշեց, որ «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագծի վերաբերյալ 21 առաջարկ է ներկայացրել, կարծում է՝ առաջինից երկրորդ ընթերցում դեռ կքննարկեն այդ առաջարկությունները:
Արփինե Հովհաննսյանն ասաց, որ 21 առաջարկի մի զգալի հատված իրացվելու է առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում: Նա նաև նշեց, որ միջազգային փորձագետների, ՀԿ-ների, այլ խորհրդարանականների առաջարկների հիման վրա նախագիծը լրամշակվելու է:
Պատգամավորի հարցերն ու նախարարի պատասխաններն ամբողջությամբ՝ տեսանյութում:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ելույթում ասաց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում կուսակցության դերն ու նշանակությունը խորհրդարանական համակարգում անչափ կարևոր է: Նրա խոսքով՝ այս ոլորտում կան բազմաթիվ ու բազմազան խնդիրներ, որոնք պետք է շտկվեն:
Նա նշեց, որ կուսակցությունների հնարավոր արագ կայացման համար անհրաժեշտ է ստեղծել հավասար հնարավորություններ, պայմաններ, պետք է ստեղծել ազատ մրցակցություն բոլոր կուսակցությունների համար:
«Խնդիրների արագ լուծման համար անհրաժեշտ է արագ ընդունել մի օրենք, որը կբացառի արհեստական բյուրոկրատական գործելաոճը և քաշքուկը: Պետք է կարողանանք հնարավորինս գնալ ազատականացման ճանապարհով»,- նշեց Էդ. Շարմազանովը՝ ընդգծելով, որ կողմ է ազատականացմանը, սակայն դա պետք է լինի աստիճաաբար:
«Ո՞րն է այն կուսակցության իմաստը, որ երկու, երեք կամ չորս, քննարկման հարց է, գումարման Ազգային ժողովներին չեն մասնակցում, միայն թղթի վրա են գրված, կամ 15 տարի չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Էդ. Շարմազանովի կարծիքով, աստիճանաբար գնալու են կուսակցությունների խոշորացման ճանապարհով:
Հարակից հրապարակումներ`
- Կուսակցություններն ունեն ֆինանսական ինքնաբավության խնդիր. Աղվան Վարդանյան
- Արդարադատության նախարարի համար «Կուսակցությունների մասին» օրնագիծը առանց «դոգմատիկ ճշմարտությունների» է