Սերժ Սարգսյանը բանաձևեց առաջիկա տարիների ուղենիշները. Քաղաքագետ
Հանրապետական կուսակցության համագումարում Սերժ Սարգսյանը մոտ մեկ ժամանոց ելույթով նախանշեց այն ուղենիշները, որոնցով իշխող կուսակցությունն, ըստ ամենայնի, կառաջնորդվի առաջիկա ընտրական ցիկլից հետո:
Իհարկե, ՀՀԿ առաջնորդն առանձին դրվագներում խուսափեց իրերին ուղիղ անվանումներ տալուց, բայց ուշադիր ունկնդիրը նուրբ ձևակերպումների տողատակը չնկատել չէր կարող: Անհնար էր չնկատել նաև, որ ծավալուն ծրագրային ելույթի առանձին դրվագներում երկրի նախագահն արձագանքում էր ինչպես օդում կախված հարցադրումներին, այնպես էլ տարբեր առիթներով հնչած մեղադրանքներին:
Ստացված պատասխաններից առաջինն, անշուշտ, վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական հետագա ճակատագրի հստակեցումն էր:
«Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի վարչապետ Կարեն Կարապետյանը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հասկացնել տալով, որ Կարեն Կարապետյանը կգլխավորի առաջիկա ընտրություններում ՀՀԿ ցուցակը, և երկրորդ՝ նրան վերապահված է կուսակցությունում ակտիվ դերակատարում:
Այն, որ «Հայաստանի հանրապետական կուսակցությանը նոր ոգի հաղորդելը», մտնում էր Կարեն Կարապետյանի առաքելության մեջ, Սերժ Սարգսյանը տեղեկացրել էր դեռևս նրան վարչապետի պաշտոնին առաջադրելու ժամանակ:
Համագումարն ընդամենը իրավական ձևակերպում տվեց՝ Կարեն Կարապետյանին ընտրելով կուսակցության գործադիր մարմնի անդամ: Զուգահեռաբար էլ կանոնադրական փոփոխություններ կատարվեցին, որոնց արդյունքում կուսակցության փոխնախագահներից մեկի համար նախատեսվեց պատվավոր «առաջին» որոշիչը, որն էլ, ըստ երևույթին, կկրի հենց Կարեն Կարապետյանը: Եվ որպեսզի առաջին փոխնախագահի կարգավիճակում նորանշանակ վարչապետը ներկուսակցական գործընթացներում դիսկոմֆորտ չզգա, ՀՀԿ-ն մինչ այդ համալրվեց նրա համախոհներով:
7000 նոր անդամների մուտքը կուսակցություն, որոնց Սեյրան Սարոյանը բնորոշեց մեկ բառով՝ «գազավիկներ», շատ նման էր ուղիղ 10 տարի առաջ կուսակցություն Սերժ Սարգսյանի մուտքին: Այն ժամանակ ևս նոր լիդերը ապահովեց իր համախոհների զանգվածային մուտք կուսակցություն՝ ի լրումն այնտեղ եղած հնաբնակների ու երկրապահների (որոնք էլ իրենց հերթին 10 տարի առաջ եկել էին Վազգեն Սարգսյանի հետ): Ակնհայտ է, որ «գազավիկների» առջևից ընթանում են տեխնոկրատները, որոնք ՀՀԿ մտել էին դեռևս Տիգրան Սարգսյանի հետ, սակայն կոմպլեկտացիան ավարտվեց միայն այժմ:
Ինչ վերաբերում է կուսակցության նախընտրական ցուցակին, ապա ոչ մի կասկած չկա, որ այնտեղ ներկայացված է լինելու ՀՀԿ-ի այս ողջ բազմաշերտությունը:
«Հանրապետականը գալիք խորհրդարանական ընտրություններին ներկայանալու է հասարակության մեջ լայն հեղինակություն վայելող ու վստահություն ներշնչող անհատների և բաց քաղաքական դաշտում բոլորի հետ հավասար պայմաններում մրցել ու գաղափարներով հաղթել կարողացող գործիչների կուռ թիմով, գրագետ համադրությամբ»,- Սերժ Սարգսյանի այս պնդումը հաստատում է ասվածն ու կասկած չկա, որ ՀՀԿ-ի ցուցակում գրագետ ձևով կհամադրվեն հնաբնակների և նորեկների, օլիգարխների և տեխնոկրատների, կանանց և երիտասարդների անունները։
Անշուշտ, այնտեղ տեղ կգտնեն նաև գործընկեր-արբանյակ կուսակցություններից հյուրընկալված գործիչների անուններ, քանզի նախ՝ կա դրա փորձը (ՀՀԿ-ի ցուցակով նախկինում պատգամավորներ են դարձել ՔԴՄ, ՍԻՄ, ՄԻԱԿ ներկայացուցիչներ), և երկրորդ՝ նախագահ Սարգսյանը նախանշեց, որ «մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները» պետք է անհետանան և տարրալուծվեն «կառավարող և ընդդիմադիր բևեռների ավելի հստակ տարանջատմամբ» ձևավորված քաղաքական խոշոր միավորներում: Կասկած չկա, որ այդ ակումբներից մի քանիսը կհարեն հենց ՀՀԿ-ին, քանի որ իշխող կուսկցությունը, ինչպես երկրի ղեկավարն ասաց, պետք է հանդես գա «առաջնորդող և սկզբունքային, բայց միևնույն ժամանակ՝ բանակցող, միջնորդող, հակասությունները հարթող ուժ»:
Շատերն, իհարկե, մեծ ակնկալիքներ ունեին ՀՀԿ-ի 16-րդ համագումարից ու նրա որոշումներից: Եվ տպավորությունն այնպիսին է, թե այդ ակնկալիքները չբավարարվեցին: Բայց փաստն իրականում այն է, որ այս համագումարը ոչ թե ակնկալիքները բավարարելու մասին էր, այլ դրանք ընդլայնելու և որևէ մեկի հույսը չկտրելու: Ի վերջո, Սերժ Սարգսյանն ի լուր աշխարհի հայտարարեց, որ շտապելու են դանդաղ, ինչն առաջին հերթին վերաբերում է կուսակցությունը «նորացված Սահմանադրության պահանջներին» հարմարեցնելուն։
Սերժ Սարգսյանը փաստացի ոչ մեկի համար հնարավորության դուռը չփակեց, փոխարենը մի քանիսինը բացեց: Իսկ դա նշանակում է, որ ընտրություններից առաջ մրցակցությունը կուսակցության ներսում թեժ է լինելու:
Ավելին՝ ռեյտինգային քվեարկության ինստիտուտն այդ մրցակցությունը տրանսֆորմացնելու է՝ ներկուսակցական ինտրիգներից վերածելով կոնկրետ տեղում աշխատանքի չափելի արդյունքի:
Չի բացառվում, որ ցուցակի հրապարկման պահին էլ ոչինչ պարզ չլինի: Ըստ ամենայնի՝ այդ ցուցակը կլինի աննկարագրելի երկար, որտեղ համադրված կլինեն ամենաբազմազան անուններ, իսկ ահա ապագա մրցանակակիրներին մատնանշել հնարավոր չի լինի:
Ինչ վերաբերում է նախագահի ելույթի այլ դրույթներին, ապա դրանցից անհրաժեշտ է առանձնացնել կուսակցության գաղափարախոսությանը, գործառույթներին ու հրապարակային գործունեությանն առնչվող պարզաբանումներն ու դիտողությունները:
«Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձևավորված հիմնարար արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժականի հաստատումն է: Մենք ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն ենք»,- ՀՀԿ-ի պահպանողականության այս բանաձևումն ազդակ է առ այն, որ իշխող ուժը ոչ թե արխայիզմ է դավանում, այլ այն արժեքները, որոնք բնորոշ են ժամանակակից եվրոպական քրիստոնե-դեմոկրատներին:
«Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը»,- ասաց Սերժ Սարգսյանն ու հետագա խոսքում մի քանի տեղ նշեց, որ անելիքները «արդիականացումն» ու «բարեփոխումներն» են: Սա հատկապես կարևոր էր այն օպոնենտների համար, ովքեր վերջին տարիներին հետևողականորեն շահարկում էին Նժդեհի ուսմունքի վրա ՀՀկ-ի հենվելու հանգամանքը:
Ենթադրվում է, որ հանրապետականները, ովքեր պարբերաբար լրագրողներին հայտնում էին կուսակցության գաղափարախոսությունը չիմանալու մասին, այսուհետ կսերտեն այս բանաձևումն ու չիմացություն չեն դրսևորի: Այս խնդիրը Սերժ Սարգսյանն իր խոսքում կարևորեց:
«Մեր գործընկերները ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետում համակողմանիորեն չկշռադատված մտքեր, որոնք սխալ ազդակներ են տանում դեպի հասարակություն, աղավաղում են իրականացվող քաղաքականությունն ու հարվածում կուսակցության հեղինակությանը»,- ասաց նախագահն ու ներկայացրեց լուծումը՝ կուսակցությունում կստեղծվի հատուկ մարմին, որտեղ ծնվող նոր գաղափարներն ու առկա դիրքորոշումների շարադրանքները պարբերաբար հասու կդառնան բոլոր կուսակցականների համար։ Մինչ այդ, սակայն, Սերժ Սարգսյանը փաստեց, որ հրապարակային խոսքի առումով անցած տարիներին զգալի ձեռքբերում արդեն իսկ արձանագրվել է. «Մենք հետևողականորեն փոխել ենք կուսակցական գործիչների կողմից նախկինում շատ տարածված խոսելաձևը՝ քամահրական կամ վիրավորական պատասխանելը ընդդիմախոսներին, ուժի դիրքերից հանդես գալը, ծաղրելը և այլն։ Բոլոր այս տիպի երևույթներն էապես նվազել են»։
Սա իսկապես փաստ է, որը կհաստատեն հասարակական կյանքի բոլոր բարեխիղճ սուբյեկտները՝ սկսած լրագրողներից, մինչև ընդդիմության առաջնորդներ (այս ձեռքբերման առհավատչյան գեներալ Սեյրանի՝ Արամ Մանուկյանին ուղղված հայտնի ելույթն է խորհրդարանում, որը քաղաքական մշակույթի տեսանկյունից իսկապես բեկումնային է):
Ինչ վերաբերում է կուսակցության գործառույթներին, ապա Սերժ Սարգսյանի ելույթում տրված բանաձևումն այս առումով ևս հստակ է. պետք է արդյունավետ աշխատի խնդիր-լուծման տարբերակներ-որոշում-իրականացում շղթան: Քաղաքագիտության մեջ կուսակցության հիմնական գործառույթը նշվում է «շահերի արտիկուլյացիան»:
Դրա իմաստն այն է, որ կուսակցությունը պետք է ի վիճակի լինի սոցիալական տարբեր խմբերից եկող ազդակները համադրել, խնդիրները ձևակերպել և դրանց լուծում տալ: Մի բան, որով Հայաստանի կուսակցություններն այնքան էլ աչքի չեն ընկել: Եվ ահա ՀՀԿ-ի առաջնորդը փաստում է, որ «էապես անբավարար է մնում խնդիրների և դրանց լուծումների՝ կուսակցության ուղղահայաց աստիճանականությամբ շրջապտույտի արագությունը»։ Ու նաև վստահեցնում, որ առաջին հերթին այս ուղղությամբ են առաջ տանելու ներքին կազմակերպական աշխատանքը։
Վերը շարադրվածի նպատակը Սերժ Սարգսյանի բնորոշմամբ մեկն է՝ Սահմանադրությունը բարեփոխելուց հետո հասարակական-քաղաքական դաշտի, իշխող կուսակցության գործունեության ադապտացումը խաղի նոր կանոններին։
Ելույթի մնացած հատվածներում Սերժ Սարգսյանն անդրադարձավ այլ խնդիրների ևս: Որոնց առաջիկայում կանդրադառնանք:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը իր կուսակիցներին
- ՀՀԿ նախագահ վերընտրվեց Սերժ Սարգսյանը
- Սերժ Սարգսյան. Մենք ապագայատենչ ենք և հակադրվում ենք հետադիմությանը
- ՀՀԿ-ն շարունակում է զտել իր շարքերը սեփական շահեր լուծողներից. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ
- Ս.Նիկոյան. Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ ամենակարևոր խնդիրներին
- Զինվորները մեր ապագա նախարարներն ու վարչապետերն են. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյան. Մեր առաջնահերթ խնդիրն է 2017-ի գարնանը կազմակերպել ու անցկացնել անբիծ ընտրություններ
- Սերժ Սարգսյան. Գալիք ընտրություններում վստահություն քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կգլխավորի Կարեն Կարապետյանը
- Այսուհետ անհետանալու են մարդ-կուսակցությունները կամ ակումբ-կուսակցությունները. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան