Խաչատրյան. Անօթևանների կենտրոնում ապրողների մեծ մասն ընտանիքներ ունեն
Երևանում անօթևան տղամարդու մահվան դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նրա ինքնությունը պարզված է: Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից: Շրջանառվող լուրերի համաձայն, 38- ամյա տղամարդ ապրել է փողոցում, հաճախ օգտագործել է ալկոհոլ:
Առջևում ձմեռ է, ցուրտն ավելի խստաշունչ է դառնալու: Հանրապետությունում ապրող անօթևաններին հայտնաբերելու, նրանց տանիքի տակ տեղափոխելու համար «Հանս Քրիստիան Կոֆոեդ» հայ-դանիական բարեգործական հիմնադրամի աշխատակիցները շաբաթը 2-3 անգամ երեկոյան ժամերին փողոցներում շրջայցեր են իրականացնում:
Հիմնադրամի տնօրեն Շավարշ Խաչատրյանը Panorama.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք հաշվառել են մարզերում ու Երևանում ապրող 880 անօթևան: Նրանցից 300-ն ունեն այնպիսի հիվանդություններ, որոնց առկայության դեպքում արգելվում է անօթևանների կացարան տեղափոխել:
««Սոցիալական աջակցության մասին» օրենքով անօթևանների կենտրոն մենք իրավունք ունենք ընդունել այն քաղաքացիներին, որոնք անօթևան են ու միաժամանակ չեն տառապում հոգեկան հիվանդություններով, թոքախտով, հեպատիտ Ց-ով, մաշկային հիվանդություններով: Այս հարցը բաց է մնացել: Մենք փողոցում հայտնաբերում ենք հոգեկան խնդիրներ ունեցող մարդ, հոգեբուժարանը նրան պահում է 21-22 օր, հետո նորից նրանք փողոցում են հայտնվում»,-ասաց հիմնադրամի տնօրենը:
Նա նշեց, որ անցնող տարվա հուլիսի 1-ին նախատեսվում էր բաշխիչ կենտրոնի բացումը, որտեղ լինելու էին հոգեբույժներ, նեղ մասնագետներ, կենտրոնում ապրելու էին անօթևան ու այդ հիվանդություններով տառապող մարդիկ:
«20 մահճակալով կենտրոն էր լինելու, փակ զոնա: Ասացին՝ բյուջեում փող չկա, հետաձգվում է մինչև 2017-ի հունվարի մեկը: Ես այս պահին չգիտեմ, կլինի՞ կենտրոնի բացումը, թե՞ ոչ»,-ասաց նա:
Հիմնադրամի կացարանում 100 անօթևան պահելու հնարավորություն ունեն: Այս պահին 98 մարդ կա` 39 կին և 59 տղամարդ: Ամռան ամիսներին նրանց թիվը նվազում է 10-15-ով: Հաշմանամություն ունեցողները հետագայում տեղափոխվում են խնամքի կենտրոններ, իսկ եթե պարզվում է՝ հոգեկան խնդիրներ ունեն, նրանք ուղեգրվում են հոգեբուժական կենտրոններ: 2011 թ. դեկտեմբերի 23-ից մինչև առ այսօր հիմադրամի շահառուներն են հանդիսացել 749 անօթևաններ:
Շավարշ Խաչատրյանն ասում է, կացարանում ապրողների մեծ մասը ընտանիքներ, երեխաներ ունեն: Ընտանեկան խնդիրների, իրենց հակումների, սխալների հետևանքով մի պահի անօթևան են դարձել:
«Մեր հիմնական խնդիրն առաջին հերթին այդ մարդկանց իրենց ընտանիքների հետ հաշտեցնելն է: Օրինակ մի կին կա՝ 58 տարեկան: Վիճակը շատ ծանր է, քաղցկեղով է տառապում, մահամերձ է: Երկու տարբեր ամուսիններից 2 աղջիկ, մեկ տղա ունի: Հարազատներին կանչեցինք մեզ մոտ, մտածեցինք՝ հնարավոր է տանեն, էն էլ հրաժարվեցին»,-ասաց հիմնադրամի տնօրենը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում անօթևանների թիվը շուրջ 400 է. ՀԺ
- Անօթևանների կացարաններում բնակվող անձիք ևս կստանան անվճար բժշկական օգնությունից օգտվելու հնարավորություն
- Տարեսկզբից մինչ այսօր 133 անօթևաններ տեղափոխվել են կացարան