Մշակութային երեք բուհեր սկսում են «միասին ապրել»
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի «Մայրը» ներկայացմամբ (գլխավոր դերակատար և ռեժիսոր ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյան) մեկնարկեց «Արվեստի բուհերի շաբաթ» ծրագիրը, որն իրականացնում է արվեստի երեք բուհ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին բուհերի ռեկտորները ստորագրել էին համագործակցության հուշագիր: «Արվեստի բուհերի շաբաթ»-ը համատեղ իրականացվող առաջին ծրագիրն է:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ռեկտոր Դավիթ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր իրենց համար մի նոր կյանք է սկսվում, քանի որ մշակութային երեք բուհով սկսում են միասին ապրել:
«Իհարկե, մեզանից յուրաքանչյուրն ունի իր մասնագիտական խնդիրները, բայց բոլորիս ընդհանուր նպատակը մեր մշակույթի վաղվա օրն է: Կարևոր եմ համարում այս համագործակցությունը, որովհետև այս սերունդը պետք է իրենց կյանքը միասին սկսեն, իրար հետ համագործակցելով դառնան մի ընդհանուր մշակութային սերունդ մեր երկրի համար»,- ասաց Դ. Մուրադյանը:
Նրա խոսքով՝ համագործակցության շրջանակում կազմակերպելու են փոխադարձ ուսուցում, Կոնսերվատորիայի ուսանողը կարող է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում անցնել դերասանի վարպետություն, ռեժիսուրա, բեմանկարիչը՝ Գեղարվեստի ակադեմիայում ավելի կատարելագործել իր հմտությունները, գիտելիքները, համատեղ դիպլոմային նախագծեր անեն:
Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանի խոսքով՝ համագործակցությունը կնպաստի ուսանողների զարգացմանը, շփումների արդյունքում արվեստի ավելի լավ ստեղծագործություններ կստեղծվեն:
«Միմյանց լրացնելը՝ չի կարող օգտակար չլինել: Դրսի հետ ավելի շատ համագործակցություն ունեիքն, քան մեր արվեստի բուհերի»,- նշեց նա:
Ա.Իսաբեկյանը համոզված է, որ համագործակցության արդյունքները շատ շուտով տեսանելի կլինեն:
«Մտածում ենք, որ մյուս տարի ամռանը կազմակերպենք ուսանողների արտագնա համատեղ մեկշաբաթյա սիմպոզիում»,- հավելեց Գեղարվեստի ակադեմիայի ռեկտորը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանի խոսքով՝ ուսանողները պետք է համակողմանի զարգացած լինեն. «Ընդհանրապես, չես կարող երաժշտական արվեստն առանձնացնել գեղարվեստից, կինոթատրոնից: Եթե ուսանողներն ուզում են պրոֆեսիոնալ լինեն, պետք է ունենան կոմպլեքս զարգացում: Մենք չենք պատրաստում մարդկանց միայն տեղական շուկայի համար, պետք է կարողանան համաշխարհային շուկայում ունենալ իրենց դերը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները