
Հալեպյան շրջաններից մեկը ազատագրվել է ահաբեկիչ զինյալներից. «Արևելք»
Հալեպի հայկական Նոր Գյուղ շրջանի հարևանությամբ գտնվող Բոսթան Փաշա շրջանը նոյեմբերի 28-ին ազատագրվել է ահաբեկիչ զինյալներից և անցել Սիրիայի օրինական բանակի վերահսկողության տակ: Այդ մասին գրում է «Արևելք» լրատվականը՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:
Ըստ աղբյուրի, Բոսթան Փաշա շրջանն ամբողջությամբ անցել է Սիրիայի բանակային ուժերի վերահսկողության ներքո:
Նշվում է, որ մեծ թվով ահաբեկիչ զինյալներ կատարվածից հետո հեռացել են դեպի Թուրքիա: Ըստ աղբյուրի, Սիրիայի բանակը հաջողել է հասնել մինչև Հոլիվք անունը կրող ծայրամասային շրջան: Բոսթան Փաշան ազատագրելուն ուղղված մարտերը սկսվել էին շուրջ մեկ ամիս առաջ:
Խոսելով ընդդիմադիր զինյալների մոտ տիրող ընդհանուր իրավիճակից, լիբանանյան «Ալ Ժատիտ» հեռուստակայանը փոխանցում է, որ զինյալների խմբավորումների մոտ տիրում են անկումային տրամադրություններ:
Աղբյուրը հղում անելով նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը տեղեկացրել է, որ ավելի քան 70 զինյալներ Հալեպի Ալ Քատիսիե շրջանում հանձնվել են Սիրիայի բանակին:
Նշվում է նաև, որ Բոսթան Փաշայի ազատարգրումով հայկական թաղամասերը ավելի ապահով ու անվտանգ կդառնան: