Սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում բացվելու է «Հավեսին սենյակ»
Երևանում` The Club սրճարանում, նախօրեին կայացել է հուշ-երեկո` նվիրված նկարչուհի, անիմատոր Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին: Համերգի հասույթը` 210 հազար դրամ, կտրամադրվի Սևանի անկատար մնացած ծրագրերից մեկը կյանքի կոչելուն. Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում կկահավորվի գեղարվեստի կաբինետ, որը կկրի տաղանդաշատ նկարչուհի Սևան Նագաշյանի անունը:
Panorama.am-ի հետ զրույցում «Հայ ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանն ասաց, որ դեռ երկու տարի առաջ սահմանամերձ Վազաշենում որևէ ծրագիր իրականացնելու համար Սևանի, մի խումբ նկարիչների հետ նախաձեռնել էին «Արվեստը՝ սահմանին» ցուցահանդես:
«Այդ ժամանակ նկարներն բավարար չափով չվաճառվեցին: Այս տարի ծրագրել էինք կրկին ցուցահանդես կազմակերպել՝ մեր նպատակն իրականացնելու համար: Սևանի անսպասելի, վաղաժամ մահվանից հետո այս ծրագիրը կիսատ մնաց: Ընկերներն առաջարկեցին Սևանի ծննդյան օրը կազմակերպել համերգ, նշել ծնունդը, հիշել նրան, իսկ հավաքված գումարն ուղղել սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցում, Սևանի ասած, «Հավեսին սենյակի» բացմանը: Այն կլինի գեղարվեստի կաբինետ, կամ մշակույթի կենտրոն: Գումարն ուղղելու ենք կահավորման համար անհրաժեշտ իրերը գնելուն: Անիմատոր Նաիրա Մուրադյանը և Սևանի մյուս ընկերները պարտավորվել են օն-լայն դասընթացներ կազմակերպել՝ գեղանկարչության, մուլտիպլիկացիայի ուսուցման և այլ, հաճախ այցելել Վազաշենի երեխաներին և վարպետության դասեր անցկացնել»,- պատմեց Ա. Պետրոսյանը:
Նա նաև ասաց, որ Նաիրա Մուրադյանը, ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այրին՝ Սեդա Մելքոնյանը, 100-ական դոլար ներդրում են կատարել ծրագրի իրականացման համար:
Ա. Պետրոսյանը տեղեկացրեց, որ 20 օր առաջ «Հավեսին սենյակի» գաղափարը ներկայացրել է նաև «Awesome» հիմնադրամին, ստացել 1000 դոլարի դրամաշնորհ, որը, համերգից ստացված հասույթի հետ, ուղղվելուն են սենյակի կահավորմանը՝ մոլբերտներ, աթոռներ, նաև ներկեր, վրձիններ, թուղթ, մատիտներ և այլ պարագաներ ձեռք բերելուն:
Խոսելով Սևան Նագաշյանի մասին, Ա. Պետրոսյանն ասաց. «Սևանն այնպիսինն էր, ինչպիսին իր նկարները՝ շատ խորունկ, շիտակ, անկեղծ: Հատուկ օժտված էր ոչ միայն գեղանկարչի տաղանդով, այլև միանգամից կարողանում էր զանազանել իրականն ու կեղծը, մեծ էներգիա էր ներդնում իրեն իրական, հետևողական թվացող գործերի մեջ: Իմ տեսած ամենալավ երևանցին էր, թեև չէր ծնվել ու մեծացել այստեղ, բայց սովորելով այստեղ՝ սիրահարվել էր Երևանին: Պայքարում էր Երևանի դեմքի համար, արժանապատվության, առողջ ապրելակերպի, մշակութային ճիշտ ներդրումների համար: Սևանը ոնց որ մերան լիներ, ինքը երևանյան մտավորականների տարբեր խմբեր իրար էր կապում»:
Սևան Նագաշյանը մահացել է հոկտեմբերի 13-ին:
Լուսանկարները՝ Արմինե Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Հուշ-երեկո` նվիրված Սևան Նագաշյանի ծննդյան տարեդարձին
- «ՌեԱնիմանիա» փառատոնը մեկնարկել է՝ հարգանքի տուրք մատուցելով Սևան Նագաշյանի հիշատակին
- Սևանը մնաց իր հեքիաթային աշխարհում՝ ստվերներով, մշուշային կերպարներով լի. Վահան Արծրունի
- Մահացել է նկարչուհի Սևան Նագաշյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան