Կարեն Աղամալյանը պաշտոնանկ կլինի
Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի 9-րդ համաժողովը, որի ընթացքում կամփոփվեն տարբեր տարիքային հավաքականների ցույց տված արդյունքները, կհայտարարվի գործկոմի անդամների փոփոխության մասին, ինչպես նաև կքննարկվեն այլ հարցեր:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, համաժողովի ընթացքում ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը կներկայացնի Հայաստանի մեծահասակների հավաքականի նոր գլխավոր մարզչին:
Հիշեցնենք, որ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն իր պաշտոնում նշանակվել էր նախորդ տարվա դեկտեմբերին: Panorama.am-ը բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից փորձեց իմանալ Աղամալյանի հեռանալու պատճառը, սակայն նշվեց, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դեկտեմբերի 1-ին:
Հավելենք, որ Արթուր Գևորգյանը նշել էր, որ իր` ֆեդերացիայի նախագահ լինելուց հետո կիրառում է ռոտացիոն կարգ` հնարավորություն տալով մի շարք մարզիչների: Լավագույնները մնում են, իսկ նրանք, ովքեր չեն արդարացնում, հեռանում են` հնարավորություն ընձեռելով մյուսներին: