Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվելու է 2017թ-ի ընտրություններին արդյունք գրանցելու համար. Լևոն Զուրաբյան
Ազգային ժողովում այսօր լրագրողները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի գլխավորել կառավարությունը:
Ըստ Լևոն Զուրաբյանի` շատ պարզ հնարք է կատարվում:
«Սերժ Սարգսյանը «Ալ-ջազիրա»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հարցը կախված է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից: Ինքը նկատի չունի, որ 2017 թվականի ապրիլից հետո դառնալու է վարչապետ, այլ նկատի ունի, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո է դառնալու վարչապետ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Բնականաբար, ըստ պատգամավորի, 2017 թվականին ամբողջ Հանրապետական կուսակցությունը կարող է խոստանալ, որ վարչապետ լինելու է Կարեն Կարապետյանը:
«Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ֆիգուրն օգտագործվելու է 2017 թվականի ապրիլի ընտրություններին արդյունք գրանցելու համար, բայց համաձայն հենց Սերժ Սարգսյանի ասածի՝ ինքը դառնալու է վարչապետ 2018 թվականին»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:
Հարցին՝ հավատո՞ւմ եք, որ մի գիշերում ՀՀԿ-ին անդամակցել է 7000 մարդ, պատգամավորը նշեց, թե «ջրի, լույսի, գազի աշխատողներին մասսայաբար ստիպել են ընդգրկվել կուսակցության մեջ»: