Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք. Աշոտյան
Հանրապետական կուսակցությունը այսօր Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարացման աստիճանով ամենաժողովրդավար կուսակցությունն է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում վերանալու են մարդ-կուսակցությունները, սակայն ՀՀԿ-ն շարունակում է մնալ մարդ-կուսակցություն, քանի որ կարևոր որոշումները կայացնում է մեկ մարդ:
Ու բացատրեց՝ ինչո՞ւ է ժողովրդավար. «Մինչև որոշումների կայացումը մեզ մոտ գործում է կարծիք հայտնելու և բանավիճելու հրամայական: Որոշումները կայացնելուց հետո, դրանք պետք է խստագույնս կյանքի կոչվեն»:
Հետևաբար Աշոտյանի կարծիքով, զարմանալի բան չկա, որ ՀՀԿ-ն «քաղաքական վճռական» պահերին կայացնում ու կյանքի է կոչում «միասնական որոշումներ»:
Նա վկայակոչեց լրատվամիջոցների տարբեր հրապարակումներ, որոնց համաձայն ՀՀԿ-ում տարբեր թևեր կան ու որ դրանք միմյանց հետ բախումների մեջ են ու նկատեց, որ մամուլը սխալվել է, և ՀՀԿ-ն «կուռ է»:
«Հանրապետականը տարբեր է, և ՀՀԿ-ի հարստությունը քաղաքական իմաստով հենց իր տարբերության մեջ է: Մենք կլոնավորված անդամների կուսակցություն չենք: Մենք կուսակցություն ենք, որը վերից վար միավորում է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որոնց շրջանակը՝ արժեհամակարգային, հիմնականում նույնն է», -ասաց ՀՀԿ ներկայացուցիչը:
Նա համեմատություններ անցկացրեց Սերժ Սարգսյանի և Անգելա Մերկելի միջև, ասաց, որ Սարգսյանը ՀՀԿ-ն ղեկավարում է 2007-ից, իսկ Մերկելը գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը ղեկավարում է 2000 թվականից ու նկատեց, թե խնդիր չկա, որ միևնույն մարդը երկար տարիներ ղեկավարում է կուսակցությունը:
«Եթե կուսակցության նախագահը վայելում է իր կուսակիցների վստահությունը, շարունակում է երկար պաշտոնավարել», -հավելեց Աշոտյանը:
Հարցին, թե ինչո՞ւ համագումարում բացի Սերժ Սարգսյանից, կուսակցության նախագահի այլ թեկնածու չառաջադրվեց, գոնե ձևական, ՀՀԿ փոխնախագահը զարմացավ. «Ինչո՞ւ ձևական, ինչո՞ւ խաբենք իրար, խաբենք ձեզ, ինչի համար են այդ մանիպուլյացիաները: Հանրապետականի քաղաքական ձեռագրի մեջ չէ դա` անել մի բան, որը շինծու է, որը ձևական է»:
Ի դեպ Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ փոխնախագահների հարցը կլուծվի ՀՀԿ առաջիկա նիստում:
Նա նաև արձագանքեց այն հարցադրումներին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն իր ծրագրում պարբերաբար հղում անում Աստծուն. «Քրիստոնեադեմոկրատական ու ազգային պահպանողական քաղաքական ուժը հղում անում է Աստծուն: Եվ դա միայն մենք չենք: Եվրոպական քաղաքական ուժերը ևս նման քայլի դիմում են: Բայց հիմքը մեզ համար Գարեգին Նժդեհի տեսլականն ու ուսմունքն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին