Կուսակցություններն ունեն ֆինանսական ինքնաբավության խնդիր. Աղվան Վարդանյան
Ազգային ժողովի արտահերթ նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո քաղաքական առանցքային դերակատար են դառնալու կուսակցությունները: Սակայն, ակնհայտ է նաև, որ քաղաքական կուսակցություններն ունեն որոշակի ֆինանսական ինքնաբավության խնդիր. միշտ իշխանության մեջ եղած քաղաքական ուժերը տնօրինում են ավելի շատ միջոցներ՝ իրենց գաղափարները տարածելու ու ազդեցություն ունենալու առումով, իսկ այն, ինչ ենթադրում է օրենսդրությունը, չափազանց նվազ գումար է:
«Ե՞րբ ենք անդրադառնալու այդ խնդրին, որ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերը, և նրանք, որոնք որոշակի տոկոս են ապահովել ընտրություններում, կարողանան իրենց հարմարավետ զգալ, գոնե նվազագույն պահանջները կարողանան հոգալ տարածքներում: Այն, ինչ հիմա ունենք օրենսդրությամբ, չափից դուրս անբավարար է»,- ասաց պատգամավորը:
Աղվան Վարդանյանը նշեց նաև, որ քաղաքական համակարգի կայացման համար անհրաժեշտ է, որ հանրության հետ աշխատանք տարվի, համապատասխան ուղղությամբ կուսակցության գաղափարները տարածվեն, մեկ օրում հազարավորները չանդամագրվեն:
«Կան զարգացած երկրներ, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է կուսակցություններին ունենալ հիմնադրամներ, որոնք չեն ղեկավարվում կուսակցությունների կողմից, բայց այդ հիմնադրամների առաքելությունը աջակողմյան, ձախակողմյան, կենտրոնամետ գաղափարախոսությունը տարածել բնակչության շրջանում և նրանք դարձյալ օգտվում են պետական աջակցությունից: Այլապես, եթե ուզում ենք իսկապես պառլամենտական կայացած համակարգ ունենալ, ապա այս հարցերին մենք պետք է անդրադառնանք, որքան էլ պետական միջոցները սուղ են, ու դժվար է այդ մասին մտածել»,- նշեց Աղվան Վարդանյանը:
Անդրադառնալով պատգամավորի հնչեցրած հարցերին` Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ տարբեր քննարկումների ժամանակ այս հարցադրումները հնչել են, մասնավորապես, ֆինանսավորման հետ կապված հարցեր:
«Իրավացի եք, ֆինանսական միջոցների սղությունը առկա է: Ինձ հետաքրքիր կլինի լսել կուսակցական գործիչների, պատգամավորների ու ՀԿ-ների առաջարկները: Հարցն այն է, որ կուսակցությունները ոչ թե մեխանիկորեն ստանան այն ֆինանսավորումը, որը սահմանված է, այլ պետք է որոշակի պայմաններ դրվեն, կուսակցությունը պետք է բավարարի որոշակի հստակ չափանիշների և միայն այդ դեպքում լինի ֆինանսավորում, իսկ դա պետք է լինի տարբերակված»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարի խոսքերով՝ պետք է հստակ տարբերակում մտցվի` կուսակցության գործունակության և քաղաքական դաշտում դերակատարման հետ կապված, որից հետո արդեն ֆինանսավորման չափը կորոշվի:
Ինչ վերաբերում է հիմնադրամներին, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այդ ուղղությամբ ևս քննարկումներ կան:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան