Կարևորը բժիշկների ճիշտ աշխատանքն է, հիվանդությունների ճիշտ տարբերակումը. ուռուցքաբան
Սուր շնչառական հիվանդությունների նշանները շատ նման են կոկորդային ուռուցքների հիվանդությունների նշաններին,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ուռուցքաբան, վիրաբույժ Արամ Բադալյանը:
Նրա խոսքով՝ ձայնի խռպոտությունը կարող է և ֆարենգիտի, և կոկորդի այտուցի, ուռուցքի նախանշան լինել, դժվար շնչառությունը նույնպես կարող է լինել այս երկու հիվանդությունների դեպքում. «Կարևորը բժիշկների ճիշտ աշխատանքն է, հիվանդությունների ճիշտ տարբերակումը: Մրսածության ժամանակ այս ախտանիշներն առաջանում են կարճ ժամանակում, ընթանում են ջերմությունով և կարճ ժամանակում դեղորայքով բուժվում են, իսկ ուռուցքայինի դեպքում այն երկարատև պատմություն է ունենում»:
Քիթ-կոկորդ ականջաբանության բժիշկ Արայիկ Ղարիբյանը նշեց. «Հաճախ հիվանդներն ամիսներով բուժվում են թերապևտների մոտ, հետո միայն պարզում, որ դա մրսածություն չէ, այլ ուռուցքային հիվանդություն: Երևանում գոնե հիվանդները ժամանակին կարողանում են դիմել ուռուցքաբանին, բայց եթե մարզերից են գալիս, կատաստրոֆիկ արդյունքներ ենք ունենում, գալիս են արդեն խայտառակ տարածված ուռուցքներով»,-ասաց մասնագետը:
Հիվանդություններից խուսափելու համար մասնագետները խորհուրդ տվեցին առաջինը պահպանել հագնվելու էթիկան, տաք հանգվել, մեծ միջոցառումներից զերծ մնալ, իսկ արդեն հիվանդացածները խուսափեն միջավայր դուրս գալուց, որպեսզի չվարակեն կողքիններին: