Արդարադատության նախարարի համար «Կուսակցությունների մասին» օրնագիծը առանց «դոգմատիկ ճշմարտությունների» է
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց նախագծի հիմնական դրույթները, որոնցից մեկը կուսակցության ստեղծման համար պարտադիր համարվող անդամների կարգավորումն է:
Ըստ նրա՝ եթե գործող դրույթով կուսակցության համար պարտադիր է համարվում, որ ունենա 200 անդամ, իսկ վեց ամսում այդ աճը հասնի 2000-ի, ապա նոր նախագծով առաջարկվում է հիմնադիր համագումարի ժամանակ ունենալ նվազագույնը 100 անդամ, այնուհետ այդ թիվը գրանցման պահին հասնի 1000-ի: Կուսակցության գրանցումը կարող է լինել համագումարից ամենաուշը 6 ամիս անց:
Նախարարի խոսքերով՝ կուսակցության գրանցումից հետո որևէ մեկը չի միջամտի նրա գործունեությանը:
«Սա այն օրինագիծն է, որ չափազանց մեծ նշանակություն ունի քաղաքական դաշտի համար, այդ իսկ պատճառով դոգմատիկ ճշմարտություններ ամրագրված չեն: Կա սկզբունք, որով մենք շարժվել ենք և սխալ ուղղությամբ չենք շարժվել»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Նախարարը հայտնեց նաև, որ Հայաստանում այսօր գրանցված է 79 կուսակցություն: