Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հենրիկ Ղահրամանյանի ծննդյան օրն է: Հենրիկն այսօր կդառնար 20 տարեկան:
Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում, որտեղ սովորել է Արցախում հերոսաբար զոհված Հենրիկը, ստեղծվել է նրան նվիրված փառքի անկյուն, որտեղ վաղ առավոտից դպրոցի աշակերտները հաջորդաբար պատվո պահակ են կանգնում:
Խելացի, բարի, հոգատար...այսպես են բնութագրում հարազատներն ու ուսուցիչները Հենրիկ Ղահրամանյանին:
«Անչափ բարի, խելացի, համեստ, պարտաճանաչ, օրինակելի աշակերտ էր: Չկար մեկ մարդ, որ Հենրիկին չսիրեր: Բոլորիս համար մեծ ցավ է մեր Հենրիկի կորուստը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արևիկ Նազարյանը:
Տնօրենի խոսքերով՝ Հենրիկը հանդարտ, մեղմ, խաղաղ բնավորություն ուներ ու բոլորը նրան նաև այդ բնավորության համար էին սիրում:
«Ընկերներին միշտ օգնում էր, եթե մեկի վրա ուսուցիչները զայրանում էին, ինքն արագ ընկերոջն օգնության էր հասնում, փորձում էր ամեն ինչ անել, որ ընկերոջ վրա չզայրանային»,- հիշում է Արևիկ Նազարյանը:
Տնօրենի խոսքերով՝ Հենրիկը դպրոցում լավ է սովորել, հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մասիսի գյուղատնտեսական քոլեջում, որն ավարտելուց հետո անցել է զինծառայության.
«Որոշել էր բանակից զորացրվելուց հետո բարձրագույն կրթության ստանար: Շատ երազանքներ ուներ մեր բարի Հենրիկը»:
Հենրիկը ծնվել է Ռուսաստանում. 6 տարեկան է եղել, երբ ընտանիքը վերադարձել է Հայաստան։ Ծնողների պատմելով Հենրիկն անհոգ մանկություն է ունեցել:
Արցախում զոհված Հենրիկ Ղահրամանյանը վերջին անգամ ապրիլի 2-ին էր խոսել հոր հետ։ Պատերազմի լուրն ստանալուց հետո ծնողներին զանգել ասել էր, որ իր համար չանհանգստանան, ամեն ինչ լավ է, դրանից հետո՝ մինչև ապրիլի 7-ը նրանից լուր չի եղել։ Ծնողներին ասել են, որ մարտական գործողությունների ժամանակ Հենրիկն արիաբար մարտնչել է, մինչև զոհվելը 3 վիրավորի է դուրս բերել, սակայն վիրավոր ընկերներին դուրս բերելիս թշնամին նկատել է նրան ու հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել է:
Նշենք, որ ԼՂՀ նախագահի հրամանագրով Հենրիկ Ղահրամանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Հարակից հրապարակումներ`
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան