Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն. Նաիրա Զոհրաբյան
Ազգային ժողովում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իր համար անհասկանալի է կուսակցությունների գրանցման լիբերալացումը:
«Նոնսենս է: 79-ը գրանցված են, 10-ն էլ շքերթի են կանգնած, որ պիտի գրանցվեն: Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն: Սա նորմալ բան չէ՝ 79-ից առնվազն 70-ը մարդ կուսակցություններ են, որոնց գոյության մասին մենք իմանում ենք միայն ընտրությունների ժամանակ, երբ պիտի գնան կցվեն որևէ խոշոր կուսակցությանը՝ փող ուզելու և տվյալ կուսակցությանը սատարելու համար: Հիմա մի տասն էլ հերթի են կանգնած, որ մինչև դեկտեմբեր գրանցվեն»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի խոսքերով՝ եթե գնում են կուսակցությունների կայացմանը, ապա այս «աջաբսանդալը» բերելու է շատ ավելի վատ հետևանքների, քանի որ սնկի պես աճում են առանց ծրագրի, գաղափարախոսության կուսակցություններ: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ դրանք լուրջ վնաս են հասցնում քաղաքական դաշտին՝ այն վերածելով «բազարի, առքուվաճառքի»: «Չե՞ք կարծում, որ մի ֆիլտր է պետք»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ «Կուսակցությունների մասին» օրենքում նշված է, որ կուսակցության անդամները, որոնք պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ են զբաղեցնում, իրավունք չունեն իրենց ծառայողական, պաշտոնեական դիրքն օգտագործել հօգուտ կուսակցության շահի: «Ես չէ, որ պիտի ասեմ՝ ՀՀԿ-ն ԺԷԿ-ի պետից մինչև վերև իրենց «պեչատը» ծառայեցնում են կուսակցության շահին: Կամ այս ձևական արգելքը հանենք, կամ էլ…»:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանելով պատգամավորին՝ ասաց, որ կիսում է պատգամավորի որոշ մտահոգությունները:
Նախարարի խոսքերով՝ ինքն էլ է այն կարծիքին, որ 79 գրանցված կուսակցությունը Հայաստանի համար ճոխություն է, շքեղություն և ավելորդություն: «Մենք խնդիր ունենք կուսակցությունների կայացման առումով, բայց նախարարությունը չէ, որ պետք է ասի՝ դու մարդ կուսականություն ես, ծառայություն մատուցելու համար ես ստեղծվել և այլն: Նրանց գնահատողը ընտրողն է, իսկ ընտրողն այսօր իր գնահատականը տվել է»:
Արդարադատության նախարարը նշեց նաև, որ ինչքան դաշտն ազատ լինի, այնքան բյուրեղացման գործընթացն արագ կգնա. «Երբ ստիպում ես, որ տարածքային ստորաբաժանումներ ստեղծի հանրապետության ողջ տարածքում, չի բացառվում, որ գնա ենթադրյալ ինչ-որ մեկի մոտ, փող ուզի, որ բացի իր տարածքային կենտրոններ: Ինչքան խստացնում ես պահանջները, դա հակառակ էֆեկտն է ունենում: Դա իմ համոզմունքն է»:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ ասելով, որ եթե նախարարությունը հետամուտ լիներ, կատարեր օրենքի պահանջը, ապա 79 կուսակցություններից 70-ը չի բավարարի օրենքի պահանջներին:
Մանրամասները՝ տեսանյությում:
Հարակից հրապարակումներ`
- Կուսակցություններն ունեն ֆինանսական ինքնաբավության խնդիր. Աղվան Վարդանյան
- Արդարադատության նախարարի համար «Կուսակցությունների մասին» օրնագիծը առանց «դոգմատիկ ճշմարտությունների» է