Բասկետբոլի Հայաստանի պատանեկան ընտրանին ավարտեց ուսումնամարզական հավաքը
Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականն ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում: Արեգ Վաթյանի գլխավորությամբ հայ պատանիներն անցկացրել են մի շարք ստուգողական հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը:
Անցկացրած 5 հանդիպումներից 3-ում Հայաստանի ընտրանին հաղթել է մրցակիցներին:
Արեգ Վաթյանը տեղեկացրել է, որ հավաքին մասնակցել են բացառապես hայաստանաբնակ խաղացողները:
«Այս տարիքային խմբում ունենք տաղանդավոր տղաներ նաև արտասահմանում, սակայն այս փուլում հավաքականում հանդես են գալիս միայն հայկական թիմերում ելույթ ունեցող խաղացողներ: Եվրոպայի առաջնությունից առաջ կունենանք համալրում նաև արտասահմանից»,- ասել է գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թ. հուլիսին մասնակցելու է Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: