Ռոման Ամոյանը պարգևատրեց լավագույն հրաձիգներին
Ավարտվել է Գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցում էր 80 մարզիկ: Այս առաջնությունում «Լավագույն մարզիկ» կոչմանն է արժանացել Ալլա Պողոսյանը: Վերջինս, խոցելով 410,7 միավոր, ճանաչվել է հաղթող և լրացրել «ՀՀ սպորտի վարպետի» նորմա: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի լրատվության բաժինը:
ՀՀՖ գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանի կողմից առաջատար մարզիկները պարգևատրվել են Գարեգին Նժդեհի գրական ժառանգությամբ: Մարզական բարձր կոչումների են արժանացել նորմաներ լրացրած մարզիկները, վկայականները հանձնելու պատիվը տրվել է Եվրոպայի առաջնության չեմպիոն և օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին:
«ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի» վկայականներ են շնորհվել Հայկ Բաբայանին և Սուրեն Բերյանին, «ՀՀ սպորտի վարպետի» վկայականներ`Գոհար Հարությունյանին և Վրեժ Թորոսյանին, «ՀՀ սպորտի վարպետի թեկնածուի» վկայականներ` Աստղիկ Մխիթարյանին, Շուշան Հովհաննիսյանին, Արմեն Մարտիրոսյանին, Հովհաննես Աբրահամյանին և Հովհաննես Մարգարյանին:
«Գնդակային հրաձգության ՀՀ երիտասարդների առաջնության» հաղթող մարզիկներն արժանացել են դիմպոմի, մեդալի և դրամական պարգևի: Պարգևատրվել է նաև հաղթող մարզիկի անձնական մարզիչը:
Ի դեպ` հրաձգության Հայաստանի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ այս տարի անցկացվել է դոպինգ թեստ: