Օգտագործելով մարդկանց թուլությունները՝ ամեն օր նոր վիրուսներ են մշակվում. Գրիգորի Սաղյան
«Այսօր մենք հասել են մի իրավիճակի, երբ ամեն օր, ըստ Կասպերսկու լաբորատորիայի տվյալների, ի հայտ է գալիս 319 հազար հատ նոր վիրուս»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:
Նրա խոսքով՝ նմանատիպ վիրուսները ինչ-որ խելացի հակերների կողմից չեն մշակվում. «Գոյություն ունի գործիքների հսկակայան մի շտեմարան, որը կարող է քաշել ցանկացած դպրոցական, ծրագրով գեներացնել վիրուսը և տարածել ինտերներտի միջոցով: Տարածման համար օգտագործվում են տարբեր մարդիկ ու տարբեր ձևեր: Ամենահեշտ ձևը սոցիալական ինժեներիայի օգտագործումն է, այսինքն՝ օգտագործելով մարդկանց թուլությունները: Ամենահասարակ օրինակը՝ տարիներ առաջ դուրս եկած վիրուսն էր, որը կոչվում էր «Ես քեզ սիրում եմ», մարդիկ ստանում էին նման նամակ, հետաքրքրությունից բացում էին և միանգամից համակարգիչը վարակվում էր: Հիմա շատ տարածված է՝ «Սա ձեր հաշիվն է էլէկտրաէներգիայի համար, խնդրում ենք վճարել», սեղմում են նամակի վրա, բացվում է մի ֆայլ, որը վարակում է համակարգիչը: Ամեն անգամ նոր ձևեր են մշակվում»:
Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանվածության վիճակին՝ Սաղյանն ասաց, որ ավելի քան մեկ տարի է գործում են մի քանի հանձնաժողովներ, որոնք մտածում են ինչպես ստեղծել Հայաստնի կիբերանվտանգության ավելի բարվոք իրավիճակ:
«Աշխարհի փորձից ելնելով մոտեցումները հետևյալն են, կամ պետք է լինի դրանով զբաղվող մեկ մարմին, կամ՝ ոլորտային մի քանի մարմիններ, որոնք ամեն մեկն իր ոլորտում կապահովի անվտանգություն: Հայաստանն լուծումներ մշակելիս պետք է հաշվի առնի շրջապատում առկա գործոնները: Նպատակահարմար է ունենալ ամեն մի ոլորտում ապակենտրոնացված կիբերանվտանգության կառույցներ, որոնք իհարկե կհամակարգվեն մի քանի կենտրոնական համակարգիչներով»,- մանրամասնեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը:
Նրա դիտարկմամբ՝ այս փուլում Հայաստանի համար ամենակարևորը ուսուցումն է. «Կասպեսրսկու լաբորատորիայի վիճակագրությունը ներկայացնում է, որ տվյալ հիմնարկի, կազմակերպության անձնակազմի պատրաստումն ու վերապատրաստումը թույլ է տալիս կանխել խոցելիությունների 80 տոկոսը, պարզապես պետք է անընդհատ համապատասխան սեմինարներ անցկացվեն»:
Սաղյանը նշեց, որ այսօր Հայաստանում ամենաբարվոք վիճակում է գտնվում բանկային համակարգը, քանի որ բանկերը կիրառում են ԿԲ անվտանգության համապատասխան պահանջներիը:
Բանախոսը պարզաբանեց, որ տեղեկատվական անվտանգությունը ընդհանուր պաշտպանվածության իրավիճակ է, իսկ կիբերանվտանգությունը շատ ավելի կոնկրետ կիբերտարածքում անվտանգության մատչելիության և խորհրդապահության ապահովումն է՝ տեխնիկական միջոցներով:
Նոյեմբերի 30-ը տեղեկատվության պաշտպանության միջազգային օրն է: Այն առաջին անգամ նշել է Համակարգչային սարքավորումների ամերիկյան ասսոցիացիան 1988 թվականին, համակարգիչ գտագործողներին հիշեցնելու իրենց համակարգիչների և այնտեղ պահպանվող տեղեկությունների պաշտպանության անհրաժեշտության մասին: