Ընտանեկան բռնության մասին օրինագծի ոդիսականը
«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, որը երեկ երեկոյան պաշտոնապես հրապարակվեց Արդարադատության նախարարության կայքէջում, այսօր, անհայտ պատճառներով հանվել է կայքից:
Փոխարենը նույն էջում ԱՆ-ն տեղեկացնում է հետևյալը. «Հաշվի առնելով «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ հասարակության տարբեր շերտերում առկա մտահոգությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն առաջիկայում կկազմակերպի լայնամասշտաբ հանրային քննարկում և նոր միայն, ստացված առաջարկների հիման վրա, լրամշակված նախագծի տարբերակը կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում»:
Ընտանեկան բռնության դեմ պայքարին ուղղված նախագիծը մշակվել է ավելի վաղ՝ հունիսի 28-ին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական, մասնագիտական խումբը և հասարակական կազմակերպությունների հետ քննարկում չի եղել նախագծի շուրջ:
Տարբեր շրջանակների պնդմամբ, հենց հասարակական կազմակերպություններն են դրամաշնորհներով գրել օրենքը, մինչդեռ հկ-ների հետ քննարկում նախագծի շուրջ չի եղել, և նախագիծը ներկայացրել է կառավարությունը:
«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի շուրջ խոսակցությունները, քննարկումները հին պատմություն են. շուրջ 7 տարի է՝ կառավարությունը փորձում է օրենք ընդունել, մի քանի անգամ նախագիծը դրվել է քննարկման, սակայն տարբեր պատճառներով գործը ավարտին չի կարողանում հասցնել:
«Մենք այդ նախագիծը չէինք ընդունում, քանի որ այն չունի բավարար գենդերային զգայունություն, չունի բավարար մոտեցումներ կոնկրետ երեխաների պաշտպանության մասով, չունի բավարար քրեականացման հնարավորություն, երբ ընտանեկան բռնության պարագայում քրեականացումը ավելի կոշտ արտահայտվի կոնկրետ բռնարարի հանդեպ: Մենք իհարկե, քրեական օրեսնդրության մեջ ունենք բռնության մասին հոդվածներ, բայց կոնկրետ ընտանեկան բռնությունը հանցակազմ չի դիտարկվում: Թերի մշակված նախագիծ էր և մենք չենք կիսում պատասխանատվությունը այս նախագծի շուրջ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը:
Նա խավարամտության դրսևորում է համարում այն հայտարարությունները, թե ընտանեկան բռնության օրենսդրության անհրաժեշտություն չկա, որ դա միջամտություն է հայ ընտանիքի գործերին և որ ծնողներին երեխաներից բաժանելու համար է արվում:
«Խավարամիտներ են նման հայտարարություններ տարածողները, դա խավարամտության դրսևորում է՝ հասարակության տարբեր շերտերի վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու միջոցով», -նկատեց Հովհաննիսյանը:
Իրավապաշտպան Անահիտ Սիմոնյանը քաղաքական կամքի բացակայության արդյունք է համարում այս օրինագծի չընդունումը, խնդիրը չկարգավորելը, կանանց համար պաշտպանված միջավայր չստեղծելը:
Օրինագիծը պետք է լիներ զոհակենտրոն, բխեր բռնության ենթարկվածի շահերից, մինչդեռ ներկայացվածը, ըստ իրավապաշտպանի, այդպիսին չէր:
«Յուրաքանչյուր օրենքի մշակմանը, ընդունմանը պետք է ներառվեն բոլոր կողմերը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Եթե օրենքը չենք ուզում, որ դեկլարատիվ լինի,մ պետք է որ դա մշակման պրոցեսում ընդգրկված լինեն մարդիկ, ովքեր մասնագիտական փորձով գիտեն՝ ինչ սպեցիֆիկ կարիքներ ունի անձը», -ասաց իրավապաշտպանը:
Նրա ներկայացմամբ կոալիցիայի ներկայացուցիչների հետ միասին իրավաբանները մշակել են նախագիծ և կարող են աջակցել փաստաթղթի մշակման աշխատանքներում:
Անդրադառնալով հնչած քննադատություններին, թե հայ ընտանիքներին նման օրենք պետք չէ և որ դա պարտադրված է եվրոպական դրամաշնորհներով, իրավապաշտպանն ասաց. «Այդ օրենսդրությունը դրամաշնորհների քմահաճույք չէ և նման տեսակետ արտահայտողներին խորհուրդ կտամ խոսել սպանված կանանց ընտանիքների հետ, այդ ընտանիքներում մեծացած երեխաների հետ», -հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի տվյալներով, վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում ընտանեկան բռնության 37 դեպք է գրանցվել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում