Թուրքիայի Թունջելի նահանգում Մոնթե Մելքոնյանի հիշատակին հուշարձան է բացվել
Թուրքիայում հուշարձան է կանգնեցվել Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների հիշատակին: Հուշարձանը կանգնեցվել է Թունջելի նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղում գտնվող Փեմբելիք Բարաժ լճի ափին:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հուշարձանի վրա գրված է. «Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»:
Բացի Մոնթե Մելքոնյանի անունից հուշարձանի վրա գրված է նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Օզանյանի անունները:
Ըստ աղբյուրի, թեմային անդրադարձել է թուրքական «Sozcu» թերթի հոդվածագիր Սայգը Օզթուրքը: Նրա տեղեկացմամբ՝ հուշարձանի բացմանը մասնակցել են հայկական սփյուռքի ներկայացուցիչներ Հունաստանից, Ֆրանսիայից:
Հոդածագիրը նշում է, որ հուշարձանը նվիրված է ASALA-ին (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակին) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) «ահաբեկիչներին»: Նա Մոնթեին ներկայացնում է որպես ASALA-ի առաջնորդներից մեկը, որը մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ գլխավորելով աշխարհազորային ուժեր:
Հոդվածագիրը ներկայացրել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը տվյալ փաստին: Վերջինս տարակուսանք է հայտնել, որ Թուրքիան, որն անգամ Հայաստանում ASALA-ի մարտիկների հուշարձանների առկայության դեմ է բողոքում, հենց Թուրքիայում նրանց հիշատակին հուշարձանի բացմանը հետևում է լուռ դիտորդի պես:
Էրդինչը նշելով, որ Թուրքիան ներսից թուլացնում են, դրանում մեղադրել է հայկական սփյուռքին.
«Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:
Նա միաժամանակ նշել է, որ իրենք հայ ժողովրդի և հատկապես Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիների հետ որևէ խնդիր չունեն, իսկ վերջիններիս համարում են եղբայրներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան