ՔԿՀ-ներում լավ են այն խցերի պայմանները, որոնք իրենց միջոցներով վերանորոգել են դատապարտյալները. Ուսումնասիրություն
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում լավ են եղել այն խցերի պայմանները, որոնք վերանորոգել են դատապարտյալները՝ իրենց միջոցներով: Այդ մասին այսօր Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի գործունեության ներկայացման ժամանակ հայտարարեց դիտորդական խմբի անդամ Օֆելյա Զալյանը: Նրա խոսքով՝ դիտարկվել է ընդհանուր առմամբ 103 խուց:
Այսպես, դիտորդական խմբի 2014-15 թվականների ուսումնասիրության արդյունքներով, քրեակատարողական հիմնարկների խցերում բարվոքության վիճակը ոչ բավարար է գնահատվել 6 տոկոսի դեպքում, վթարային՝ 2 տոկոսի դեպքում, գերազանց՝ 12 տոկոսի դեպքում, բարվոք՝ 33 և միջին՝ 47 տոկոսի դեպքում:
«Մեր դիտըարկման ընթացքում, մենք տեսել ենք, որ զուգարանները գտնվում էին կացարաններից դուրս և շատ վատ սանիտարահիգիենիկ վիճակում, որոնք ըստ դատապարտյալների, ամռան ընթացքում պատճառ են հանդիսանում աղիքային ինֆեկիցայի և այլ վարակների», -ներկայացրեց Զալյանը: Քրեակատարղական հիմնարկների մեծ մասում հայտնաբերել են կրծողներ, խավարասերներ:
Քրեակատարողական հիմնարկների հիմնական խնդիրը, ըստ բանախոսի, եղել և մնում է գերբնակեցվածությունը՞ Ըստ ուսումնասիրության տվյալների, 2014-ին գերբնակեցված են եղել «Նուբարաշեն», «Կոշ», «Սևան», «Արթիկ», «Հրազդան», «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկները: Ըստ Զալյանի ներկայացման՝ այս հիմնարկներից մի քանիսը տարվա ընթացքում գրանցել են դինամիկ աճ:
««Սևան», «Կոշ» և «Արթիկ» ՔԿՀ-ներում կիսաբաց և կիսափակ ռեժիմի կացարաններից յուրաքանչյուրում պահվել են մի քանի տասնյակ դատապարտյալներ՝ ընդհուպ մինչև 45 անձ: «Նուբարաշեն»-ում արձանագրվել է դեպք, երբ խցում, որտեղ տեղադրված է եղել ութ մահճակալ և մեկ բազմոց, բնակվել է 15 անձ: Ականատես ենք եղել դեպքի, երբ գերբնակեցված խցում մի անձ քնում էր սեղանի տակ, մյուսը՝ սեղանի վրա», -ասաց Օֆելյա Զալյանը:
Նրա խոսքով, գերբնակեցման պատճառը դատարանների կողմի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը և ազատազրկումը որպես պատժի տեսակ կիրառելն է:
Արձագանքելով ներկայացված ուսումնասիրությանը քննարկմանը ներկա Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը ասաց, որ այս պահին գերբնակեցման խնդիր քրեակատարողական հիմնարկները առաջ չեն քաշում:
«Ավելին, այս պահին նորակառույց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 500 ազատ տեղ ունենք, որտեղ տեղափոխելու ենք կալանավորվածներին: Մինչև տարեվերջ գլոբալ առումով գերբնակեցման խնդիրը կարող ենք լուծել», -նկատեց Քրմոյանը: