Իրանի կողմից Հայաստանը շատ կարևորվում է. Վ. Ոսկանյան
Իրանի նախագահի սպասվելիք այցը Հայաստան պետք է դիտարկել հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում արեց իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Հայ-իրանական հարաբերություններն ակնհայտորեն զարգացել են, միգուցե ոչ այն իդեալական մակարդակով, որը կցանկանային երկու կողմերն էլ, բայց այդուհանդերձ չնկատել դրական փոփոխությունները, չնկատել ձեռքբերումները՝ նույնպես անհնարին կլինի»,-ասաց իրանագետը՝ նշելով, որ Իրանի կողմից Հայաստանը շատ կարևորվում է, քանի որ այն կապող օղակ պետք է լինի Պարսից ծոցի և Սև ծովի միջև:
Նրա խոսքով՝ տնտեսական ոլորտը երկու երկրներում էլ կարիք ունի լրացուցիչ զարգացման, խթանման. «Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցումը շատ մեծ կարևորություն ունի երկու երկրների հարաբերությունների զարգացման համար, քանի որ այդ ճանապարհի շնորհիվ Իրանը ևս մեկ հնարավորություն կունենա դուրս գալու Սև ծով, հետո նաև Եվրոպական շուկաներ և հակառակը: Սրանով Իրանը կազատվի թուրքական ուղիներից կախվածությունից»:
Տնտեսական զարգացմանը միտված քայլերից նա առանձնացրեց Իրանի հետ Հայաստանի գազային համագործակցության ձևաչափն ու գազամուղի ընդլայումը, վիզային ռեժիմի չեղարկումը:
«Կրթական և գիտական ոլորտում էլ ձեռքբերում կա: Այս տարվա սեպտեմբերից ԻԻՀ ճանաչում է ՀՀ պետական բուհերի դիպլոմները: Այս առումով պետք է հաշվի առնենք, որ իրանցիները ունեն կրթական մեծ շուկա, իսկ հայաստանյան բուհերը ուսանողների մեծ պահանջարկ: Երկու երկրների միջև ինչ-որ չափով կաղում է, մշակութային համագործակցության դաշտը, որտեղ մենք զգալի անելիքներ ունենք»-նկատեց իրանագետը:
Իրան-Ադրբեջան հարաբերություններին մասին Ոսկանյանի մեկնաբանությունները՝ տեսանյութում: