«Գանձասար-Կապանն» առարկություն է ներկայացրել ՀՖՖ
Կապանյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 16-րդ տուրի «Գանձասար-Կապան» - «Ալաշկերտ» հանդիպումը սպասարկող անձնակազմից և այդ առիթով առարկություն է ներկայացրել ՀՖՖ:
Ինչպես տեղեկացնում է թիմի լրատվության բաժինը, խաղը սպասարկող մրցավարական անձնակազմը մի քանի դրվագներում ակնհայտ համակրանք է դրսևորել «Ալաշկերտի» նկատմամբ և իրենք հույս ունեն, որ առարկության միջոցով ՀՖՖ համապատասխան բաժիները կուսումնասիրեն վիճահարույց դրվագները և կվերանայեն իրենց որոշումները։
Հիշեցնենք, որ խաղի 67-րդ րոպեին մրցավար Արտակ Սիմոնյանը «Գանձասար Կապանի» օգտին չէր նշանակել 11 մետրանոց հարված, սակայն 85-րդ րոպեին դա արել էր արդեն հօգուտ մրցակցի` 1:1 հաշվի ժամանակ: Իրացնելով այն` Արտակ Եդիգարյանը հաղթանակ էր պարգևել «Ալաշկերտին»: