«Կուսակցությունների մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց
«Մենք կունենանք արդյունավետ ժողովրդավարություն միան այն դեպքում, եթե Հայաստանում լինեն մի քանի կուսակցություններ, որոնք կարող են փոխեփոխ ստանձնել երկրի կառավարումը: Պարզ է, որ ժողովրդավարությունը գործում է միայն այն դեպքում, եթե մրցակցություն կա կուսակցությունների միջև»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է կառավարման որակը, որը մեծապես կախված է ունակ կուսակցությունների առկայությունից:
««Կուսակցության մասին» օրենքը շատ լիբերալ, նորմալ օրենք է, մեծ առաջարկություններ չկան: Բայց ամենակարևոր հարց լուծված չէ, որի լուծմամբ իսկապես հնարավոր է Հայաստանում զարգացնել կուսակցական համակարգը: Դա կուսակցություների պետական ֆինանսավորման համակարգն է: Զարգացած երկրներում կուսակցությունները ստանում են պետական ֆինանսավորում: Հայաստանում գոնե այս վիճակում տարեկան 1 միլիարդ դրամ հաստատեք կուսակցությունների ֆինանսավորման համար: Եթե այդ հարցը լուծեք, նշանակում է, որ հիմք եք դնում Հայաստանում իսկապես անկախ կուսակցական համակարգի համար»,- նշեց Լ. Զուրաբյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այս օրենքով ապահովում են քաղաքական մրցակցություն, պարզապես պետք է քաղաքական ուժերով քաղաքական կամք դրսևորեն, որ կարողանան հոգեբանություն փոխել, որպեսզի կայանա քաղաքական դաշտը:
«Քաղաքական ուժերը պետք է զբաղվեն իրենց հեղինակության բարձրացմամբ: Կարևորն այն է, որ կարողանան կուսակցությունները գոնե այնքան մարդ ունենան, որ գոնե յուրաքանչյուր տեղամասում մեկ վստահված անձ ունենան, հանձնաժողովի անդամներ ունենան: Դա շատ կարևոր է»,- ասաց Վ. Բաղդասարյանը:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Ազգային ժողովում քննարկումների ընթացքում տրված բոլոր գնահատականները քաղաքական էին: Միաժամանակ նա ասաց. «Ձեր ելույթների միջոցով ցույց տվեցիք այս օրենքի կարևորությունը հանրային կյանքի ոլորտների համար: Ակնալում եմ ձեր դրական վերաբերմունքը օրենքին, քանի որ գոնե օրենքի վերաբերյալ որևէ բացասական կամ խիստ բացասական ձևակերպումներ չեն եղել: Կարծում եմ՝ օրենքն արժանի է ձեր կողմից կանաչ լույս ստանալուն»:
«Կուսակցությունների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 99 կողմ, 1 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Քվեարկության դրվեց և առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև նախօրեին քննարկված «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հարակից հրապարակումներ`
- «Կուսակցությունների մասին» խոսում են ՀՀԿ-ից
- Հայկազյան և Սուքիասյան բառարանում էլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն. Նաիրա Զոհրաբյան
- Կուսակցություններն ունեն ֆինանսական ինքնաբավության խնդիր. Աղվան Վարդանյան
- Արդարադատության նախարարի համար «Կուսակցությունների մասին» օրնագիծը առանց «դոգմատիկ ճշմարտությունների» է
- Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կընդլայնվեն. քննարկում ԱԺ-ում