Հայաստանի ջրագնդակի առաջնությունն ի հայտ է բերել հեռանկարային մարզիկների
Երևանի ջրային մարզաձևերի «Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնի լողավազանում անցկացվեց Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնությունը, որը տեղի ունեցավ մինչև 14 և 18 տարիքային խմբերում: Առավելապես հաջող հանդես եկան «Վիկտորիա» և «Սպիտակ» ակումբների սաները:
Մինչև 14 տարեկանների պայքարում եզրափակչում մրցեցին «Սպիտակ» և «Արմադա-2» թիմերի մարզիկները: Հաղթեցին «Սպիտակի» սաները` 6:4 հաշվով: Մինչև 18 տարեկանների պայքարում առավել քան ընդգծված էր «Վիկտորիա» թիմի մարզիկների վարպետությունը, որոնք «Արմադային» հաղթեցին 16:5 հաշվով:
Հաղթող ակումբների ավագ մարզիչ, Մալայզիայի և Հոնկոնգի ջրագնդակի ազգային հավաքականների գլխավոր մարզչի պարտականությունները 8 տարի կատարած Բենիամին Սիմոնյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ մրցաշարը կազմակերպեց և անցկացրեց Հայաստանի ջրագնդակի ֆեդերացիան, որի նախագահն է մարզաշխարհի անվանի գործիչ Ռուբեն Հակոբյանը:
«Տարեմուտին նախորդած հրաշալի միջոցառում էր, որի բոլոր մասնակիցները որոշակիորեն հարստացրին իրենց մրցափորձը: Պատանիների պայքարում աչքի ընկած հեռանկարային բազմաթիվ տղաներ կան, որոնք լավ աշխատելու և նպատակային մարզումներ անցկացնելու պարագայում կդառնան անվանի ջրագնդորդներ»,- ասաց Սիմոնյանը:
Վաստակաշատ մարզչի խոսքերով`դա ապացուցեց ավագ տարիքի պատանիների մրցաշարը` հատկապես «Վիկտորիա» թիմի մարզիկների մասնակցությամբ, որոնք բացահայտ առավելությամբ հաղթեցին մրցակցին:
«Այստեղ էլ, սակայն, հաղթողների մոտ, թեև հաշվի նման տարբերությանը, առկա էր դիպուկության բացակայության գործոնը: Օրինակ, մրցակցի դարպասին կատարած հարվածների 80 տոկոսը կամ շեղ էին ստացվում, կամ թույլ էին, ուստի դրանք վնասազերծում էր մրցակից թիմի դարպասապահը: Այնպես որ այս ամենը մասնակիցների մրցափորձի խիստ պակասն է»,- ասաց մարզիչը:
Բենիամին Սիմոնյանը շեշտեց, որ առկա թերությունները շտկելու համար անհրաժեշտ է շատ մրցումներ անցկացնել և որ նույնիսկ նման Հանրապետական կարգի մրցաշարերը չափազանց կարևոր դեր ունեն վարպետության աճի ու զարգացման գործում:
Հռիփսիմե Ղազարյան