Այրվել է Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու դուռը
Նոյեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը Թբիլիսիի 14-րդ դարի Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով այրվել է եկեղեցու միակ կանգուն պատի՝ երբեմնի կենտրոնական մուտքի դուռը: Այս մասին գրում է aliq.ge կայքը:
Նոյեմբերի 27-ին եկեղեցու տարածքում աշխատող աշխատակիցներին հակաճառում ու այրված դռանը մոտենալ չէր թողնում մի կին, ում հետ զրույցում AliQ-ը պարզել էր, որ նա անօթևան է, հրաժարվել և պարբերաբար հրաժարվում է պետության հատկացրած հանրակացարանից, քանի որ այն քաղաքից դուրս է գտնվում: Ինքը` կինը (ով չի ցանկացել ներկայանալ) ապրում է փլուզված եկեղեցում: Ինչպես խոստովանել է նա, հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է իր վառած կրակից:
«Եկեղեցու տարածքը մաքրել եմ, երեկոյան գալիս եմ այստեղ գիշերում, ջուր բերում, ուտելիք եմ պատրաստում: Երեկոյան կրակ վառեցի ջուրը տաքացնելու համար, հետո հանկարծ աչքս կպավ: Երբ արթնացա՝ իրերիս մի մասն արդեն այրվել էր»:
Դեպքի կապակցությամբ AliQ-ը հեռախոսազրույց է ունեցել Վիրահայոց թեմի մամուլի խոսնակ Սուսաննա Խաչատրյանի հետ, ով նշել է. «Վիրահայոց թեմի առաջնորդը վաղ առավոտյան մեկնել է եկեղեցի և անձամբ ծանոթացել իրավիճակին: Ամենայն հավանականությամբ, հրդեհի պատճառը տարածքում ապրող անօթևան մարդկանց անուշադիր վերաբերմունքն է: Հարցն ուսումնասիրվում է»:
Նա նաև ասել է, որ եկեղեցին ցանկապատված է, սակայն անօթևանները կարողացել են ինչ-որ անցք գտնել և ներս մտնել:
AliQ-ը կապ է հաստատել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայության հետ, որտեղից նշել են, որ հարուցվել է քրեական գործ Վրաստանի ՔՕ 118-րդ հոդվածի համաձայն, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ անուշադրության պատճառով գույքի ոչնչացում:
Մուղնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցին Վրաստանի հայտարարած վիճահարույց եկեղեցիների թվում է: 2009 թվականից կիսախարխուլ է, Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության հաշվեկշռում է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում