«Նուբարաշեն»-ը վերահսկողությունից դուրս կգա. Իրավապաշտպանի մտավախությունը
Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող խումբը վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ 2016-ին խոչընդոտների է հանդիպել. խմբի անդամներին թույլ չեն տվել հանդիպել որոշ կալանավորվածների հետ: Այդ մասին այսօր քննարկման ժամանակ հայտարարեց խմբի դիտորդական անդամ, փաստաբան Ռոբերտ Ռևազյանը:
«2016 թվականին որդեգրվեց մի քաղաքականությունը, որը ստվերեց նախկին տարիներին իրականացված դրական գործընթացը: 10 տարուց ավել խումբը երբևէ խնդիր չի ունեցել ցանկացած անձի տեսակցության համար: Բայց այս տարի որդեգրվեց մի քաղաքականություն, որ եթե քննիչի կողմից արգելանք է դրված անձի տեսակցելու վրա, ապա խումբը չի կարող տեսակցել այդ անձի հետ», -ներկայացրեց Ռոբերտ Ռևազյանը:
Նրա խոսքով՝ ավելին, եթե անձը, որի տեսակցությունների վրա արգելք կա, գտնվում է մի խցում, որտեղ այլ կալանավորներ են, որոնց համար տեսակցությունները արգելված չեն, ապա խումբը չի կարող մտնել ու տեսակցել դրա արգելանքը չունեցող անձանց հետ:
«Այդ արգելքի պատճառով, խումբը ընդհանրապես զրկվեց մտնել կալանավորվածների խումբը: Այս տենդենցը եթե շարունակվի, ապա ստացվում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ընդհանրապես դուրս է գալիս վերահսկողությունից, քանի որ այնտեղ միայն կալանավորված անձինք են», -հայտարարեց իրավապաշտպանը: