Ներկայացվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագիծը
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հովհաննես Սահակյանի, Արմեն Ռուստամյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ըներցմամբ ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողն է ԱԺ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ օրենքի նախագիծը մշակելիս՝ հիմք են ընդունել նոր Սահմանադրության դրույթները:
Օրենքի նախագծով, Հ. Սահակյանի ներկայացմամբ, աշնանային և գարնանային նստաշրջանների ժամանակահատվածում նիստերը շարունակելու են լինել քառօրյա օրակարգով. «Երկուշաբթի օրն ուղղակի սահմանել ենք խորհրդի նիստի օր, որտեղ ձևավորվում է օրակարգը, սահմանվում են հարցերի քննարկմանը ժամանակացույցը, որից հետո երեքշաբթի 10:00-ին սկսվում է հերթական նիստը, շարունավում է մինչև 18:00-ն: Կարող են նիստերը շարունակվել մինչ օրակարգի սպառումը, բայց չի կարղ տևել ավելի, քան երեք օր:Մենք այս ճկուն համակարգը փորձել ենք կիրառել, որպեսզի օրակարգում կուտակումներ չունենանք, հնարավորություն տանք պատգամավորներին, որպեսզի իրենց օրենսդրական նախաձեռնություններն իրացնեն»:
Նրա խոսքով՝ նորությունը խորհուրդն է, որը կոլեգիալ մարմին է, ձևավորվում է հանձնաժողովների, խմբակցությունների անդմաներից, ԱԺ նախագահից և տեղակալներից:
Նա նշեց, որ օրենսդրական գործընթացն արմատապես փոխվել է, ծանրաբեռնվածությունը տեղափոխվել է դեպի մշտական հանձնաժողովները. «Կարծես թե օրենսդրական նախաձեռնության տերը դառնում են հանձնաժողովները, բոլոր նախագծերը քննարկվելու են հանձնաժողովում, նախագծերի վերաբերյալ հնչած առաջարկությունները քննարկվելու, քվեարկվելու են հանձնաժողովներում»:
Փոփոխությամբ առաջակվում է նաև արտահերթ նիստերի հրավիրման նոր կարգ. «Այժմ արտահերթ նիստեր գումարվում են՝ կամ պատգամավորների մեկ քառորդի պահանջով կամ կառավարության առաջարկով՝ ԱԺ նախագահի որոշմամբ: Արձանագրենք, որ այն մտահոգությունը, որ այսօր կա՝ արտահերթ նիստի օրակարգում այնպիսի նախագծեր են ընդգրկվում, որոնք հանձնաժողովներում չեն քննարկվում, այդ ճանապարհը փակվելու է: Սահմանել ենք բացառիկ դեպքեր՝ միջազգային պայմանագրերին, բյուջեին վերաբերող հարցերի քննարկում, որոնք կառավարության բացառիկ իրավասության ներքո են, կարող են առանց հանձնաժողովներում քննարկելու արտահերթի օրակարգում ընդգրկվեն»:
Հ. Սահակյանն ասաց, որ այս կանոնակարգ օրենքի ամենակարոր օղակներից մեկը քննիչ հանձնաժողովի վերաբերյալ նորամուծությունն է. «Սա որպես այդպիսին մենք դիտարկում ենք որպես մեր ընդդիմոթյան գործիքակազմ: Մեկ քառորդի պահանջով կարող է ձևավորվել քննիչ հանձնաժողով՝ իրավունքի ուժով: Քննիչ հանձնաժողովն այն հարթակն է, որտեղ հասարակությանը, հանրությանը հետաքրքրող հարցերը, որոնք Ազգային ժողովի իրավասության ներքո են, կարող են քննարկման առարկա դառնալ:
Քննիչ հանձնաժողովը պետք է կարողանա պահանջի տեղեկատվություն, հրավիրի իր նիստերին համապատասխան պաշտոնատար անձանց: Քննարկումների արդյունքում ծնվում է զեկույցը՝ քննիչ հանձնաժողովի որոշմամբ, որը քննարկվում է Ազգային ժողովում և պարտադիր ձևով ուղարկվում է այն անձանց, ում վերաբերվում է տվյալ հարցը: Նրանք պարտավոր են անհապաղ պատասխանել այդ զեկույցին, տալ պարզաբանումներ, որոնք տեղադրվում են մեր կայքում: Եթե լինեն այնպիսի հարցեր, որոնք առերևույթ հանցակազմ կպարունակեն, հանձնաժողովի անդամներն ազատ են գործողությունների մեջ, կարող են ուղարկել իրավապահ մարմիներին և նրանց ուշադրությունը հրավիրել»:
Նրա ներկայացմամբ՝ կարևոր նորամուծություններից է նաև խմբակցությունների հարցապնդումները. «Կարծում եմ՝ խմբակցությունների գրավոր հարցապնդումները դրանք մեր ընդդիմադիր խմբակցությունների հիմնական գործիքակազմն են, որոնցից պետք է օգտվեն ընդդիմադիր խմբակցությունները:
Հարցապնդմամբ կարող են դիմել կառավարությանը, 30 օրվա ընթացքում կառավարությունը՝ վարչապետի ներկայացմամբ համապատասխան անդամը պետք է ներկայացնի պարզաբանումներ, որից հետո սկսվեն քննարկումներ: Հարցապնդման արդյունքում կարող է դրվել կառավարության տվյալ անդամի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության, արդյունավետության հարցը, կամ սրա արդյունքում կարող է ներկայացվի վարչապետի անվստահություն հայտնելու հարց»:
Մանրամասները՝ տեսանյութում: