Էդմոն Մարուքյանն առաջարկում է, որ պատգամավորները զենք կրելու իրավունք ունենան
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխiքների մասին» ՀՀ օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանն ասաց, որ այս օրենքը սահմանդրական օրենք չէ, ինչը նշանակում է, որ հետագայում էլ կարող են լրամշակել, հարստացնել, եթե նոր ԱԺ-ն ունենա նոր մոտեցումներ:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը նախ նշեց, որ խորհրդարանական պետությունում պետք է ուժեղացվի պատգամավորի կարգավիճակը: Այնուհետև նա մեջբերեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի այն դրույթը, որի համաձայն ՄԻՊ-ն ու նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո: Պատգամավորի կարծիքով, նմանատիպ դրույթ պետք է լինի նաև «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում:
Է. Մարուքյանը հանդես եկավ մեկ այլ առաջարկով ևս. «Ժամանակին եղել է, որ պատգամավորները հաշվեցուցակային զենք կրելու իրավունք են ունեցել, խորհրդարանն իր հատուկ բաժնի միջոցով տվել է՝ պատգամավորի դիմումի հիման վրա: Առաջարկում եմ այս դրույթը նույնպես ամրագրել: Հայաստանում նոտարը զենք կրելու իրավունք ունի:
Կարող եք ասել՝ զենքը ի՞նչ պետք է անի: Նորանկախ Հայաստանի 25-ամյա պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ ընդդիմադիր պատգամավորներին իրենց շքամուտքերի մոտ ծեծի են ենթարկել, տարբեր տեղերում բռնության են ենթարկել: Հայաստանում բոլորին հայտնի է, որ իշխանության պատգամավորները զինված են: Կան պատգամավորներ: Ընդ որում՝ օրինական զենքով: Օրինակ՝ նվեր են ստացել: Դուրս է գալիս, որ Հայաստանում նաև այս առումով անհավասարություն կա:
Ընդհանրապես, կարծում եմ, որ Հայաստանում պետք է շատ վերահսկելի զենք կրելու իրավունք ունենան բոլորը: Այս խնդիրն ունենք սահմանամերձ գյուղերում»,- ասաց Է. Մարուքյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Եթե մի քանի իշխանական պատգամավորներ Որսորդ միության անդամ են, զենք ունեն, կամ անձնական ստացած պարգև է, պետք չէ տարածել: Պարգև է, կարող է մարդիկ իրենց տանն, ինչպես դիպլոմները, պահում են: Պատգամավորի զենքն իր միտքն է, խոսքն ու խիղճը»:
Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանն ասաց, որ պատգամավոր Է.Մարուքյանի առաջարկությունները նկատի կունենան՝ հատկապես պատգամավորների ռեսուրսների ավելացման տեսանկյունից:
«Զենքի մասով՝ հանեք, գործ չունեք զենքի հետ, օրենք գրեք»,- դիմելով Մարուքյանին՝ ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան