Յուրգեն Կլոպ. «Լիվերպուլը» միայն անհրաժեշտության դեպքում կմտնի տրանսֆերային շուկա»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ, կապված Ֆիլիպե Կոուտինյոյի վնասվածքի հետ, իր ակումբը լրացուցիչ ջանքեր չի գործադրի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Հիշեցնենք, որ բրազիլացին շարքից դուրս է եկել ավելի քան 1 ամսով։
«Իհարկե, իմ աշխատանքը չի սահմանափակվում միայն մարզումների անցկացմամբ,- Կլոպի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք հետևում ենք ցածր լիգաներում հանդես եկող երիտասարդ հեռանկարային խաղացողներին, կատարում շուկայի մոնիտորինգ։ Ակումբը միշտ պետք է պատրաստ լինի մտնել շուկա, եթե անհրաժեշտություն առաջանա։ Դեռ Կոուտինյոյի վնասվածք ստանալուց առաջ էինք այդ մասին մտածում։ Սակայն դա չի նշանակում, որ անպայման կգնենք ինչ-որ մեկի տրանսֆերը։ Հնարավոր է՝ մեր երիտասարդների համար դրսևորվելու հնարավորություն կառաջանա։ Տրանսֆերային գործարքներ կկատարենք միայն խիստ անհրաժեշտության դեպքում»։