ՍԱՊԾ-ն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել է Panorama.am-ի՝ «Ինչպես են «Զովք» միս մատակարարում» հրապարակմանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կենդանիների մորթից ստացված թարմ և սառեցված միս վաճառող տնտեսավարողներին հորդորում է խիստ ուշադրություն դարձնել շուկայահանմանը ներկայացվող անասնաբուժասանիտարական անվտանգության և հիգիենիկ պահանջներին:
«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է միսն ու ենթամթերքը ստանալ և դրանց իրացումն իրականացնել միայն անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայության դեպքում՝ հիգիենիկ պայմաններում:
Վաճառակետերը պետք է ապահովված լինեն բնական և արհեստական օդափոխանակությամբ, աշխատանքային պարագաների և սարքավորումների մաքրման ու ախտահանման անհրաժեշտ պայմաններով, համապատասխան չափիչ և ստուգիչ սարքերով, սառնարաններով: Կենդանական ծագման մթերքի, առավել ևս՝ մսի հետ շփվող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր հագուստ: Վաճառքի կետերում յուրաքանչյուր աշխատակցի սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է:
Խիստ կարևոր է հետևել ինչպես մսի և մսամթերքի պահմանն ու իրացմանը, այնպես էլ փոխադրմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, մասնավորապես՝ մսի տեղափոխումը կատարել սառեցնող կամ հավասարաջերմ թափքով, տեխնիկապես սարքին, մաքուր փոխադրամիջոցներով: Թարմ միսը պետք է տեղափոխել առանձին:
Ամեն օր, տեղափոխման ավարտից հետո, փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման: Միս տեղափոխող և դրա հետ շփվող անձինք նույնպես պարտավոր են ունենալ անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ, ապահովված լինել մաքուր հագուստով»,-ասված է ՍԱՊԾ արձագանքում:
Հիշեցնենք, որ հրապարակմանն ավելի վաղ արձագանքել էր տնտեսվարողը: «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի տնօրեն Գևորգ Արամյանը ներողություն էր խնդրել հաճախորդներից և խոստացել. «Շուտով Նոր Զովք ցանցում նման դեպքեր այլևս չեն լինի»:
Այսօր «Նոր Զովք»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվեցին լուսանկարներ, որոնք նման չէին երեկվա արձանագրածին:
«Այսօր Նոր Զովքի տնօրինությունը հատուկ չափորոշիչներ է սահմանել, որոնց խիստ պահպանման դեպքում միայն մատակարարներից կընդունի միս և մսամթերք»,-ասված է ցանցի տարածած հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ թարմ մսի իրացման կետ է հանդիսանում Գումի շուկան: Քաղաքի կենտրոնում խիստ հակասանիտարական պայմաններում միս են վաճառում: Խնդրի մասին, հնարավոր հետևանքների մասին բարձրաձայնվել է մի քանի ամիս առաջ: Վերահսկող պետական մարմինը ոչ արձագանքել է, ոչ էլ քայլեր կատարել:
Հարակից հրապարակումներ`
- «Նոր Զովք»-ի տնօրենը ներողություն է խնդրում հաճախորդներից
- Ինչպես են «Զովք» միս մատակարարում
- Գումի մսի վաճառքի տաղավարների 80%-ը գտնվում է բարձր ռիսկային գոտում
- «Գումի շուկայի հարակից տարածքում մսի վաճառքի վիճակը պայթյունավտանգ է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան