
Թուրքիայում կքանդեն հուշարձանը, որի վրա գրված է Մոնթե Մելքոնյանի անունը
Թուրքիայի Թունջելիի նահանգապետարանը որոշել է քանդել նահանգի Նազըմիյե գավառի Աշաղըդօլուջա գյուղի մոտ կանգնեցված հուշարձանը, որի վրա գրված են Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի և հայ ազատագրական պայքարի այլ հերոսների անունները:
«Էրմենիհաբեր»-ը, վկայակոչելով թուրքական «Sozcu» թերթի կայքին, գրում է՝ ապամոնտաժման որոշումը կայացվել է նույն թերթի հոդվածագիր Սայգը Օզթյուրքի քննադատական հոդվածից հետո:
Հոդվածում ներկայացվել է հայատյաց գործիչ Դողու Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի նպատակով հիմնած «Թալեաթ փաշա» կոմիտեի նախագահ Ալի Էրդինչի արձագանքը հուշակոթողի առկայության փաստին:
Էրդինչի պնդմամբ՝ Թուրքիան ներսից թուլացնում են, և դրան մասնակցում է նաև հայկական սփյուռքը:
«Հայկական սփյուռքը ոչ միայն արտերկրում, այլև հատկապես վերջին շրջանում մեր երկրում, անջատողական շրջանակների և խմբերի հետ միասին գաղտնի կերպով մի շարք չարամիտ գործողություններ են նախապատրաստում»:
Հուշարձանի վրա բացի Մոնթե Մելքոնյանի անունից գրված է նաև Գևորգ Չաուշի, Արմենակ Բաքըրջյանի, Մանուել Դեմիրի, Նուբար Յանիկյանի, Անդրանիկ Ուզունյանի անունները:
«Դատապարտում ենք Հայոց ցեղասպանությունը: Հարգում ենք Արմենակ Բաքըրջյանի և Հրանտ Դինքի հիշատակը: 100 տարի անց էլ դեռ Հայոց ցեղասպանությունը շարունակվում է»,-գրված է հուշարձանի վրա: