Հայ-թուրքական սահմանը ապօրինի հատելու համար Աֆղանստանի 2 քաղաքացի ՀՀ-ում դատապարտվել են
Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը օրերս վճիռ է կայացրել շուրջ մեկ տարի առաջ Աֆղանստանի երկու քաղաքացիների կողմից հայ-թուրքական պետական սահմանը ապօրինի հատելու վերաբերյալ գործով: Panorama.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Աֆղանստանի երկու քաղաքացիներ՝ Սեդիղոլլահ Սանգին Մոհամմադի Ալիզադեն, Շոքաթ Ղոլամնաբի Ամինզան դատապարտվել են 3-ական տարիների ազատազրկման:
Ըստ մեղադրական եզրակացության, 2015-ի հոկտեմբերի 16-ին Արարատ համայնքի վարչական տարածքում գտնվող հայ թուրքական պետական սահմանի թիվ 5/5 սահմանային նշանի հատվածով, առանց սահմանված փաստաթղթերի նրանք հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը և Թուրքիայից մուտք գործել Հայաստան, որտեղ բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակցների կողմից:
Ամբաստանյալներից Շոքաթ Ղոլամնաբի Ամինզան ոչ նախաքննության և ոչ էլ դատաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել ցուցմունք է տվել, որ 2015թ. հոկտեմբեր ամսին ցանկացել է մեկնել Թուրքիա` բնակվելու նպատակով: Այդ պատճառով Աֆղանստանում ծանոթացել է ազգությամբ իրանցու հետ, ում անունը չի հիշում: Նա վստահեցրել է, որ 2500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց իրեն կտանի Թուրքիա։
Պատմել է, որ 2015թ. հոկտեմբերի 2-ին ինքը մեկնել է Իրանի և Աֆղանստանի սահման` Թուրքիա մեկնելու նպատակով, որտեղ հանդիպել է 15-20 անձանց, որոնց այդ ուղեկցողը նույնպես խոստացել է անցկացնել սահմանը: Նշված անձանց հետ միասին ոտքով ապօրինի մուտք են գործել Իրան, այնուհետև 4 օր անց հասել են Իրանի և Թուրքիայի սահմանը` Մաքու, որտեղ իրենց խմբին միացել է ևս 20 հոգանոց մի խումբ: Այդ 20 քաղաքացիների մեջ ծանոթացել է ազգությամբ աֆղաններ Սիդիղոլլայի և Զաիվառդինի հետ, ովքեր նույնպես ցանկացել են մեկնել Թուրքիա:
2015թ. հոկտեմբերի 5-ին ուղեկցողը տեղյակ լինելով, որ գնում են Թուրքիա, իրեն մատնացույց է արել Թուրքիայի կողմը, ասել, որ պետք է 2-3 ժամ ոտքով գնալ որտեղ կա գետ, որը պետք է լողալով անցնել: Միասին անցել են Թուրքիայի տարածք, որտեղ թուրքական սահմանապահները ձերբակալել են խմբին, սակայն ինքը, Սիդիղոլլան և Զաիվառդին դիմել են փախուստի: Երկար քայլելուց հետո հանդիպել են գետի, որի մյուս ափին նկատել են ոստիկանական 3 մեքենաներ: Ինքն ու Սիդիղոլլան լողալով անցել են ափը՝ դեպի ոստիկանները, իսկ Զաիվառդին մնացել է Թուրքիայում: Անցնելով ափը իրենց բռնել են ոստիկանները:
Շոքաթը ներկայացրել է իր հետ կատարվածը, ասել, որ զղջում է այդ ամենի համար և խնդրել մեղմ պատիժ նշանակել: Մյուս ամբաստանյալ Սիդիղոլան, սակայն ընդունել է մեղքը, ասել, որ զղջում է կատարվածի համար և նույնպես խնդրել, որ դատարանն իրեն մեղմ պատիժ նշանակի:
Դատարանը գտել է, որ 21-ամյա երկու երիտասարդների պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան և նշանակել պատիժ՝ 3 տարվա ազատազրկում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում