Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրաց հավաքածուն համալրվել է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ձեռագրաց հավաքածուն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնավոր հոգածությամբ համալրվել է ևս մեկ հնամյա ձեռագիր մատյանով: Այս մասին հայտնում են Մայր Սթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունից:
Սուրբ Ավետարանը գրվել է 1486 թ.՝ Խարտիչ գյուղում, «ի դուռս բազմահաւաք սրբոցն, ի Սբ Աստուածածնիս» (Հառիճավանք): Գրիչը՝ Աստվածատուր քահանան է, իսկ ստացողը՝ Ըռատ Բլրակցին:
Տարիներ անց ձեռագիր մատյանը հայտնվել է Տեղերի վանքում, իսկ 1599 թ., հոգածությամբ Մանուել եպիսկոպոսի և օժանդակությամբ բարեսեր Պարոն Տավնդարի, Սբ Ավետարանը վերանորոգվել է «ի յամէնաւրհնեալ գիւղն Բիւրական, որէ յոտն Արագածու ի հարիաւու կողմանէ, ակնահաեաց Սբ Էջմիածնա, ընդ հովանեաւ զարմանաշէն և սխրակառոյց Կաթուղիկէի Սբ Յովանէսի և Սբ Սարգսի զաւրավարին...»:
Ձեռագիր մատյանը ժամանակավորապես ցուցադրության կդրվի Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում:
Նշենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվում է 3000 ցուցանմուշ: