«Յանդեքս» ընկերությունը ներկայացրել է Երևանի համայնապատկերները
Այսօրվանից «Յանդեքս. Քարտեզներ»-ի վրա հայտնվել են Երևանի փողոցների առաջին համայնապատկերները, որոնց օգնությամբ կարելի է վիրտուալ կերպով զբոսնել քաղաքի տարբեր հատվածներում: Անհրաժեշտ է բացել yandex.ru/maps հղումը և սեղմել էկրանի ներքևի ձախ անկյունում գտնվող հեռադիտակի վրա: Ծրագրի շնորհանդեսին «Յանդեքս. Քարտեզներ»-ի գեոտեղեկատվական խմբի ղեկավար Նիկոլայ Կալաշնիկովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Երևանի համայնապատկերներն ընդգրկում են քաղաքի և նրա շրջակայքի ավելի քան 450 կիլոմետր փողոցներ և նրբանցքներ: Նա տեղեկացրեց, որ այս տարվա հոկտեմբերին հատուկ ֆոտոսարքավորումներով հագեցած մեքենան շրջել է Երևանում, ինչպես նաև Էջմիածնում և Գառնիում: Նկարահանումներն արվել են հիմնականում մեքեայի միջից, լուսանկարիչները քայլել են այն վայրերում, որտեղ արգելված է անցնել մեքենայով: Համայնապատկերներն ամբողջական տեսքի բերելու համար արվել է 48 հազար լուսանկար, որից ստացվել է 12 հազար 3600 պատկերներ:
«Նկարահանումները տևել են մոտ մեկ շաբաթ: Եղանակը շատ լավ էր, այդ պատճառով արագ ավարտեցինք մեր աշխատանքը»,- ասաց Ն. Կալաշնիկովը:
Հարավային Կովկասում Երևանն առաջին քաղաքն է, որ ունի իր համայնապատկերը yandex.ru/maps-ում: «Երևանն ընտրվել է ի շնորհիվ YandexTaxi-ի: Ծառայությունը հաջողությունների է հասել: Իրենց պատվերով ենք արել այս ծրագիրը, որպեսզի ունենան քաղաքի ճշգրիտ ու լիարժեք քարտեզը, ինչի շնորհիվ տաքսիի վարորդները կկարողանան ավելի արագ հասնել պատվիրատուներին»,- ասաց «Յանդեքս. Քարտեզներ»-ի գեոտեղեկատվական խմբի ղեկավարը:
Ն. Կալաշնիկովն ընդգծեց, որ ներկայացված է ոչ միայն Երևանի կենտրոնական փողոցները, այլ նաև ծայրամասերը: Համայնապատկերների միջոցով կարելի է ուսումնասիրել Երևանի և նրա արվարձանների տեսարժան վայրերը, հնագույն Էրեբունի ամրոցը, Արարատը՝ նկարված Արին-Բերդ բլրից, իջնել Կասկադի աստիճաններով: Լուսանկարներ են արվել նաև Էջմիածնի և Գեղարդի վանական համալիրներում, Զվարթնոց տաճարում, Գառնիի հեթանոսական տաճարում:
Նա նաև նշեց, որ համայնապատկերների միջոցով կարելի է գրավել զբոսաշրջիկիների ուշադրությունը, օգնել նրանց տեղանքում կողմնորոշվելու հարցում. նրանք կրող են ուսումնասիրել փողոցները, հրապարակները, մուտքերը դեպի մետրո կամ «Զվարթնոց» օդանավակայան, ցանացած մարդ կարող է քարտեզի օգնությամբ հեշտությամբ գտնել այն վայրը, տեսնել, ինչպիսի տեսք ունի այն վայրը, ուր ցանկանում է գնալ, ուսումնասիրել այն տարածքները, որտեղ հազվադեպ է լինում:
Ն. Կալաշնիկովի խոսքով՝ համայնապատկերների վրա կան մանրամասներ, որոնք անհնար է տեսնել արբայնակային պատկերների վրա, օրինակ՝ շենքերի համարները, փողոցների անունները, ճանապարհային նշաններն ու գծանշումները: Նա նշեց, որ համայնապատկերները պարբերաբար թարմացվելու են:
Աշխատանքների ընթացքում «Yandex. Քարտեզներ»-ի նկարահանող խումբը և անձամբ Նիկոլայ Կալաշնիկովը համոզվել են, որ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է. «Աշխարհի տարբեր քաղաքներում ենք աշխատել: Ոչ բոլոր քաղաքներում ենք կարողացել անել նման բնանկարներ: Իսկ աշունն ավելի է գեղեցկացրել Երևանը: Երևանի բոլոր հատվածներն էլ շատ գեղեցիկ են, օրինակ՝ Կասկադը, «Մայր Հայաստան» հուշարձանը, պլանում երևացող Արարատ լեռը: Շատ գեղեցիկ են նաև վարդագույն տուֆից կառուցված շենքերը: Երևանը նաև շատ բարեհամբույր քաղաք է, երևանցիները՝ շատ բարեհամբույր մարդիկ: Նկարահանումներից մեկի ժամանակ մի եկեղեցու մոտ հարսանյանց հանդեսի հանդիպեցինք: Շատ գեղեցիկ էր»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան