Սարի թաղի բնակիչները կեղծ մեղադրանքով շարունակում են մնալ կալանքի տակ. Պնդում են հարազատները
«Հուլիսյան իրադարձություններին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետևանքով այժմ կալանքի տակ գտնվող քաղաքացիների գործով դատական նիստերը միտումնավոր են հետաձգում, երկարացնում են գործընթացը»,- այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Էդուարդ Զեյթունյանի կինը՝ Լալա Բերնեցյանը:
Հիշեցնենք՝ Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում 9 քաղաքացի այժմ կալանքի տակ է, քրգործը՝ դատարանում:Նրանք մեղադրվում են ծանր հոդվածով՝ իշխանության նկատմամբ բռնություն գործադրելը:
«Արդեն 6-րդ նիստն է այդ գործով հետաձգվել: Միտումնավոր նիստը նշանակում են ժամը 4-ին, ներկայացվում են միջնորդություններ, լսում է, գնում է մեկ ու կես ժամ մնում է խորհրդակցական սենյակում, վերադառնում, հետաձգում նիստը: Միջնորդություններն էլ մերժում է առանց հիմնավորման», -հայտարարեց կինը, որն ապրում է անչափահաս դստեր հետ, առանց ամուսնու խնամքի:
Ի դեպ, իր ամուսնու գործով Լալան ներգրավել է որպես վկա, հարցաքննվել է, սակայն, իր խոսքով, չի իմացել, որ դա հարցաքննություն է:
Տիկին Լալայի ներկայացմամբ, կալանավորված քաղաքացիներից մեկը՝ Հրայր Իսախանյանը, տուբերկուլյոզով հիվանդ է, վարակակիր է սակայն նրա փաստաբանի միջնորդությունը՝ նրան ազատ արձակելու մասին, դատարանը մերժել է:
«Չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, թե՞ քաղաքական պատվեր է, թե... մի ամբողջ թաղամաս զրկված է եղել տրանսպորտից, ջրից, գազից: Բայց այդ օրվա վեճից հետո, հաջորդ օրն արդեն բացվեց փողոցը, տրանսպորտ սկսեց գալ, գազը միացրին: Ու այսօր ոչ մեկ մեզ վնասներ պատճառելու համար պատասխան չի տալիս», -նկատեց կինը:
Նրա խոսքով, ինը քաղաքացու գործով տուժող է ճանաչվել 11 ոստիկան, սակայն նրանք «ոչ մեկն էլ բողոք չունեն»:
Սարի թաղի բնակիչ Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ուշադրությունը հրավիրեց այս գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծին և ասաց. «Միտումնավոր այնպես է անում, որ հետաձգվի այս նիստը ու հետաձգվում է մի ամիս: Եթե գոնե երկու նիստ արվի, կպարզվի՝ վերջիվերջո էդ տղաները մեղավո՞ր են, թե՞ չէ»:
Թորոսյանի խոսքով, այս գործում որպես ապացույց կա մի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչ են պահանջում տղաները և ինչ է հետո կատարվում.
«Սկզբից ոստիկանները քիչ են եղել, ջան-ջիգյարով խոսացել են, հետո ներքևից իրանց ստորաբաժանումներից են եկել ու կռիվը սկսվել ա: Այդ ամբողջը ֆիքսված է տեսանյութով, բայց դրա վրա ուշադրություն չեն դրարձել: Շատ կուզենայի մեր նախարարը կեղծ մեղադրանքով կալանավորված լիներ ու ամիսներ շարունակ սպասեր դատական նիստերին»:
Լրագրողը հետաքրքրվեց, թե կոնկրետ Թորոսի եղբայրը՝ Հարություն Թորոսյանը ինչ արարքի համար է մեղադրվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն կատարելու համար, նա պատասխանեց.
«Իմ եղբայրը ընդամենը մեկ քար է շպրտել: Ջահելները ավելի էմոցիոնալ են ու հիմնականում հենց ջահելներն են կալանավորված: Բայց ասեմ՝ ոչ մի ոստիկան վնասվածք չի ստացել»:
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործը ՔԿ-ից ուղարկվել է ՀՔԾ
- ՀՔԾ. Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
- Ծանր հոդվածով մեղադրվող Սարի թաղի բնակիչը հիմա փաստաբան չունի
- Սարի թաղի բնակիչների հետ բախման հետևանքով ոստիկաններ են տուժել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան