Նարե Արղամանյանի ելույթը Լյուցեռնի փառատոնում հիացրել է հանդիսատեսին
Լյուցեռնում նոյեմբերի 19-27-ն անցկացվել է հանրահայտ միջազգային դաշնամուրային փառատոնը: Ստեղնաշարային օրվա շրջանակում նախատեսված երեք մենահամերգներից մեկը վստահվել էր վիեննաբնակ հայտնի դաշնակահարուհի Նարե Արղամանյանին։
orer.eu-ի հաղորդմամբ, նրա ելույթի ծրագիրը կազմված էր ռուսական կոմպոզիտորների գործերից՝ Ռախմանինով, Մետներ, Գլինկա, Վալակիրեւ, Ստրավինսկի, Սկյրաբին։ Երկու ժամ տևողությամբ ծրագիրը Նարեն նվագել է առանց ընդմիջման և արժանացել անդադար ծափահարությունների, որից հետո ևս երեք անգամ նվագել է փառատոնի խստապահանջ հանդիսատեսի համար։
Համերգի հաջորդ օրը Luzerner Zeitung օրաթերթը այսպես է գնահատել Նարեի ելույթը. «Նա կարողացավ միացնել և շշնջացող ձայները, և ամպագոռգոռ պոռթկումները, ու ինչպես երեք տարի առաջ, իր հիանալի ձայնային ներկապնակով կարողացավ կախարդել այնպես, որ մենք զգացինք մարդկային հոգու կարոտն՝ իր շնչող մեղեդիների մեջ։ Ծրագրի վերջում նա պայթեցրեց մեծ լսարանն իր աննկարագրելի հզոր վարպետությամբ, կատարելով Ստրավինսկու «Հրեղեն թռչունը»։ Եվ որպես միակը՝ ստացավ հոտնկայս ծափողջյուններով մի քանի բիսերի հրավերներ»։
Լյուցեռնի փառատոնը համարվում է երաժշտական աշխարհի տարվա ամենակարևոր իրադարձություններից մեկը, իսկ երաժիշտների համար՝ իրենց կարիերայի պառնասը։ Այս փառատոնին հրավիրված են եղել այնպիսի հայտնի դաշնակահարներ, ինչպիսիք են Գրիգորի Սոկոլովը, Մարի Պեռախիան, Մարիա Պիղեշը, Ռուդոլֆ Բուխբինդերը։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանակերտում կայանալու է Ալեքսանդր Չաուշյանի և Նարե Արղամանյանի համերգը
- Բեմում կարծես դառնում եմ մի ամբողջ ազգի հավաքական կերպար. Նարե Արղամանյան